ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունն ապտակ է Ադրբեջանին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՙԱյն, որ հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն միակ ընդունելի ձևաչափն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ապտակ է Բաքվին, որը մշտապես քննադատում է միջնորդներին և փորձում հիմնախնդրի կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից դուրս բերել՚,- նշել է Շարմազանովը:
Նրա խոսքով, հայտարարության մեջ նախարարները դժգոհություն են հայտնել նաև ԵԱՀԿ ՄԽ հասցեին մշտական քննադատության առնչությամբ՝ գտնելով, որ այդպիսով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ճանապարհին իրական խոչընդոտները քողարկելու փորձ է արվում: ՙՆախարարների հայտարարության այս հատվածը նույնպես հասցեագրված է Բաքվին, որը մշտապես մեղադրում է միջնորդներին կարգավորման հարցում առաջընթացի բացակայության մեջ՚,-հայտարարել է ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Ինչպես ընդգծել է փոխխոսնակը, ԵԱՀԿ ՄԽ առաջարկած՝ սահմանային միջադեպերի կրճատման մեխանիզմների կիրառման վերաբերյալ նախարարների կոչը նույնպես հասցեագրված է Բաքվին, քանի որ հայկական կողմը համաձայնել է դրանց:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետական նախարար Արլեմ Դեզիրը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին հանդես են եկել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՙՄենք՝ ԵԱՀԿ ՄԽ պատվիրակությունների ղեկավարներս, միասնական ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերում: ընթացիկ տարում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով ստատուս-քվոն տարածաշրջանում անկայուն է դարձել՚: Միջնորդներն ափսոսանք են հայտնում շփման գծում և սահմանին ականանետերի և այլ ռազմական ծանր տեխնիկայի կիրառման առնչությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Այս առնչությամբ նախարարներն ընդգծում են, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, ինչպես նաև չկա արդարացում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին: ՙՄենք դիմում ենք հակամարտության կողմերին՝ կոչ անելով սեղմ ժամկետներում լարվածության թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել՚,- ասվում է հայտարարության մեջ: Նախարարներն ընդգծում են, որ ԵԱՀԿ-ն արդեն առաջարկել է կողմերին հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ուղղված մեխանիզմներ, այդ թվում՝ սահմանային միջադեպերի հետաքննման համակարգի ներդնում: Այնուհետև նախարարներն ընդգծում են,որ վերջին տարում ԵԱՀԿ ՄԽ-ին քննադատող հայտարարություններ են հնչում: ՙԱյս առնչությամբ ընդգծում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության բոլոր կողմերի համար միակ ընդունելի չևաչափն է, որը վայելում է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների լիակատար վստահությունը: Միջնորդներին բանակցություններում հետընթացի մեջ մեղադրելու բոլոր հայտարարությունները խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտները քողարկելու փորձեր են, որոնք Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար պակաս քաղաքական կամք դրսևորելու մեջ են կայանում՚,- ասված է հայտարարության մեջ: