


Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցում կոչ են արել Եկեղեցին չներքաշել Վաղարշապատի ընտրական գործընթացներին առնչվող շահարկումների մեջ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին օրերին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընրությունների առնչությամբ շատ է շահարկվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Հստակ է, թե ինչ նպատակադրումով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել, և հարկ չկա Եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ընտրություններին մասնակցել է ընտրողների 45,12 տոկոսը կամ ընտրելու իրավունք ունեցող 69 866 քաղաքացիներից 31 527-ը: Բոլոր 47 ընտրատեղամասերում ձայների հաշվարկի արդյունքում "Հաղթանակ" կուսակցությունը հավաքել է 10 051 ձայն, "Համահայկական ճակատ" կուսակցությունը՝ 295 ձայն, "Հանրապետություն" կուսակցությունը՝ 1241 ձայն, "Մայր Հայաստան" ազգային ժողովրդավարական կուսակցությունը՝ 1692 ձայն, "Ազատ դեմոկրատներ" կուսակցությունը՝ 1177 ձայն, "Ժառանգություն" կուսակցությունը՝ 440 ձայն, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը՝ 15 298 ձայն, եւ "Հայրենիք" կուսակցությունը՝ 1193 ձայն: Այդպիսով՝ կառավարող ուժը Վաղարշապատի ավագանիում կստանա 19 մանդատ, "Հաղթանակ" կուսակցությունը՝ 12 մանդատ, ևս երկու մանդատ կստանա "Մայր Հայաստան" կուսակցությունը:



