
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին (ՀԷՑ) էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու հիմքեր չկան: Այդ մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Տաշիր" ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը։
«Չկա մի ընկերություն, որտեղ խախտումներ չլինեն, իսկ ահա լիցենզիայից զրկում ենթադրող խախտում, դա մենք արդեն խոսում ենք աբսուրդի մասին։ Պարզապես, զուգահեռներ անցկացրեք "Վեոլիա Ջուր"-ի (ֆրանսիական ընկերության դուստր ձեռնարկություն, ՀՀ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի միասնական օպերատոր - խմբ.) խախտումների հետ, սակայն վերջինիս դեպքում ոչ մի վարույթ չկա", - ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անցկացնում է ՀԷՑ-ին էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու հարցով արդեն երրորդ նիստը: Առաջին նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 13 - ին, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 14-ին:
Նոյեմբերի 10-ին ՀԾԿՀ-ը հրապարակել էր լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որում ասվում էր, որ ընկերությունը "չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել ""Էներգետիկայի մասին" ՀՀ օրենքի և ՀԾԿՀ-ի պահանջները, ինչը կարող էր վտանգել էներգահամակարգի, դրա բաղադրիչների անվտանգությունն ու հուսալիությունը, ինչպես նաև սպառողների իրավունքներն ու օրինական շահերը: ՀԾԿՀ-ը նաեւ պնդում է, որ ՀԷՑ-ը սեփական դրամական միջոցները, շարժական եւ անշարժ գույքն օգտագործել է այն ընկերությունների վարկային պարտավորություններն ապահովելու համար, որոնց հետ կարող էր ավելի քան 700 մլն դոլարի ընդհանուր տնտեսական շահեր ունենալ:
"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն 2016 թվականից պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած "Տաշիր" ընկերությունների խմբին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին՝ Կարապետյանի տան խուզարկությունից և նրա ձերբակալությունից հետո: Ավելի ուշ խորհրդարանն ընդունել է օրենքների փոփոխություններ, որոնք նախատեսում են "էլեկտրացանցերի" վերադարձ պետական վերահսկողության ներքո: Իսկ ՀԾԿՀ ղեկավարը ժամանակավոր կառավարիչ է նշանակել Ռոմանոս Պետրոսյանին։ Օգոստոսի 9-ին "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության բաժնետեր եւ "Տաշիր Կապիտալ"-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀԾԿՀ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի ՝ պահանջելով ճանաչել ընկերության մենեջմենթը փոփոխելու ՀԾԿՀ-ի իրավազորության բացակայությունը: