
Արմինֆո. "Նուբարաշեն" աղբավայրի տարածքում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ․ տարիներով կուտակված աղբի մաքրում, աղբավայրը գրունտային շերտով պատսպարում, տեխնիկայի հասանելիության ապահովում բողջ տարածքում: Այդ մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հաղորդել են նոյեմբերի 17-ին քաղաքապետարանի աշխատանքային նիստի ժամանակ։
Բացի այդ, նշվել է, որ ապահովվել է աղբահան մեքենաների անարգել մուտքը աղբահանության համար, տեղադրվել են արգելապատնեշներ, 29 էլեկտրական հենասյուներ, ինչպես նաև շարունակվում են տեսահսկման համակարգերի տեղադրման աշխատանքները:
Այդ առնչությամբ Ավինյանը նշել է, որ այսքան կարճ ժամանակահատվածում հաջողվել է էական փոփոխություններ իրականացնել ենթակառուցվածքների, մասնավորապես, լուսավորության, ճանապարհների, վերահսկողության համակարգերի մասով: «Մենք այս ամենը պետք է անեինք շատ ավելի վաղ: Բայց լավ է ուշ, քան երբեք: Նուբարաշենի աղբավայրի ցանկացած խնդիր ուղղակի ազդեցություն ունի ողջ քաղաքի էկոլոգիական վիճակի վրա, ուստի, պետք է դիմել ամենաակոշտ միջոցների՝ վերահսկողություն իրականացնելու հարցում", - ասել է քաղաքապետը։
Նշենք, որ այս տարի աղբավայրում արդեն հրդեհի 3 դեպք է գրանցվել։ Անդրադառնալով այս տարվա հոկտեմբերին Նուբարաշենում բռնկված հրդեհի վերջին դեպքին՝ քաղաքապետն աշխատանքային նիստի ընթացքում տեղեկացրել է, որ քաղաքապետարանը խզել է պայմանագիրը աղբավայրի կառավարումն իրականացնող մասնավոր ընկերության հետ: Այսուհետ այդ լիազորությունները վերապահված են քաղաքապետարանին, որը մտադիր է խստացնել վերահսկողության միջոցները։ Մասնավորապես, ինչպես նշել է Ավինյանը, տարածքում կտեղադրվի տեսահսկման համակարգ, ինչպես նաև սահմանափակումներ կսահմանվեն տարածք մուտք գործելու համար։
"Դեպքից երկու օր առաջ որոշ մարդիկ խոսում էին այն մասին, որ շուտով ինչ-որ բան տեղի կունենա աղբավայրում", - նշել է նա, միաժամանակ, հիշատակելով անմեղության կանխավարկածի մասին:
Հիշեցնենք, որ Երևանում Նուբարաշենի աղբավայրը գործում է 1950-ական թվականներից և գտնվում է քաղաքի կենտրոնից 10կմ հեռավորության վրա: Նրա տարածքը ընդգրկում է ավելի քան 50 հա։
Տարբեր գնահատականներով՝ ամեն տարի աղբավայր է մտնում ավելի քան 400 հազար տոննա աղբ։ Դեռևս 2023 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուշադրություն էր հրավիրել աղբահանության խնդրի վրա, որի շրջանակում նախատեսվում է ամբողջությամբ կոնսերվացնել Նուբարաշենի աղբավայրը, ինչի համար կպահանջվի չորս տարի։ Փոխարենը՝ նախատեսվում է կառուցել աղբավերամշակման գործարան։