
Արմինֆո. Հայաստանի իշխանությանը պետք էր արտաքին ֆոն Վաղարշապատում պրոցեսը պահելու և անհրաժեշտ կետին հասցնելու համար, իսկ հաջորդիվ խաղի մեջ կմտցվեն նրանք, ովքեր պատասխանատու են Եկեղեցու, ազգայինի և սեփական հանրության դեմ հակապետական գործունեության համար։ Այդ մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Փաշինյանն, անդրադառնալով Վաղարշապատում քպ թեկնածուի հաջողությանը, անոնսում է, որ դրանով նոր լիցք է հաղորդվելու Մայր Աթոռի դեմ հարձակումներին:
Այս սցենարը մինչև ընտրություններ քննարկվել էր և ի սկզբանե պարզ էր, որ քպ-ին քաղաքը վերցնելն անհրաժեշտ է ոչ թե դասական առումով կառավարման, այլ Վեհարանի դեմ գործողությունների համատեքստում:
Սրանով էր պայմանավորված երկրի ողջ ռեսուրսի կենտրոնացումը Վաղարշապատի ուղղությամբ, որովհետև այն ոչ թե համայնքային, այլ սեփական երկիրը հարվածի տակ դնելու նախաձեռնության մի շրջափուլն էր:
Թեև Վաղարշապատում բուն քպ թեկնածուն խուսափում էր, շրջանցում Կաթողիկոսի և Մայր Աթոռի դեմ հայտարարություն հնչեցնելուց, սակայն իր մասով իշխանության ակնկալիքն այլ էր:
Ինքն իշխանությանը պետք էր արտաքին ֆոնը պահելու և պրոցեսն անհրաժեշտ կետին հասցնելու համար, իսկ հաջորդիվ խաղի մեջ կմտցվեն նրանք, ովքեր պատասխանատու են Եկեղեցու, ազգայինի և սեփական հանրության դեմ հակապետական գործունեության համար», - ընդգծել է Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ ընտրողներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին անկասկած աջակցությունը պետականության, անկախության, ինքնիշխանության և ազատության ամրապնդման "Քաղաքացիական պայմանագրի" ռազմավարությանը: " Ձեր ընտրությամբ կարեւոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին", - գրել է Հայաստանի վարչապետը:
Նշենք նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի ավագանու և համայնքի ղեկավարի ընրության բոլոր 47 ընտրատեղամասերի նախնական հաշվարկի տվյալները: Այս պահի դրությամբ "Քաղաքացիական պայմանագիրը" և նրա քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը հավաքել են 15 296 ձայն (48,5%): Երկրորդ տեղում "Հաղթանակ" դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանն է՝ 10 050 ձայնով (31,9%): Երրորդ տեղում "Մայր Հայաստան" դաշինքն է և նրա թեկնածու Գրիշա Հարությունյանը՝ 1692 ձայնով (5,4 տոկոս): Մնացած ուժերը հավաքել են ընտրողների ձայների 5 տոկոսից պակաս։