ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետական նախարար Արլեմ Դեզիրը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես են եկել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՙՄենք՝ ԵԱՀԿ ՄԽ պատվիրակությունների ղեկավարներս, միասնական ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերում՚: Այնուհետև պատվիրակությունների ղեկավարները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը: Հակամարտության գոտում իրավիճակի սրման պայմաններում նախարարները կողմերին կոչ են անում հավատարիմ մնալ խնդրի խաղաղ կարգավորմանը: ՙԿողմերը պետք է շարունակեն քննարկումները՝ սկսված Սոչիում, Ուելսում և Փարիզում 2014 թվականին՝ խնդրի համապարփակ կարգավորման տարրերի հիման վրա, ինչպես նաև պետք է աշխուժացնեն երկխոսությունը 2016 թվականին՝ ներկայումս քննարկման փուլում գտնվող առաջարկների հիման վրա՚,- ասված է հայտարարության մեջ:
Այնուհետև միջնորդներն ընդգծում են, որ ընթացիկ տարում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով ստատուս-քվոն տարածաշրջանում անկայուն է դարձել: Միջնորդներն ափսոսանք են հայտնում շփման գծում և սահմանին ականանետերի և այլ ռազմական ծանր տեխնիկայի կիրառման առնչությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Այս առնչությամբ նախարարներն ընդգծում են, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, ինչպես նաև չկա արդարացում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին: ՙՄենք դիմում ենք հակամարտության կողմերին՝ կոչ անելով սեղմ ժամկետներում լարվածության թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել՚,- ասվում է հայտարարության մեջ: Նախարարներն ընդգծում են, որ ԵԱՀԿ-ն արդեն առաջարկել է կողմերին հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ուղղված մեխանիզմներ, այդ թվում՝ սահմանային միջադեպերի հետաքննման համակարգի ներդնում:
Այնուհետև միջնորդները ողջունում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո գերիների փոխանակման գործում առաջընթացը՝ ողջունելով ԿԽՄԿ հետ այդ ուղղությամբ հետագա համագործակցությունը:
ՙՀայաստանի և Ադրբեջանի միջև պետք է երկխոսություն հաստատվի նաև հարևան ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ստեղծման շուրջ: Մենք ողջունում ենք Մինսկի միջնորդների հետ կողմերի համագործակցությունը՝ այդ նպատակին հասնելու նպատակով՚,- ասված է հայտարարության մեջ:
Այնուհետև նախարարներն ընդգծում են,որ վերջին տարում ԵԱՀԿ ՄԽ-ին քննադատող հայտարարություններ են հնչում: ՙԱյս առնչությամբ ընդգծում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության բոլոր կողմերի համար միակ ընդունելի չևաչափն է, որը վայելում է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների լիակատար վստահությունը: Միջնորդներին բանակցություններում հետընթացի մեջ մեղադրելու բոլոր հայտարարությունները խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտները քողարկելու փորձեր են, որոնք Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար պակաս քաղաքական կամք դրսևորելու մեջ են կայանում՚,- ասված է հայտարարության մեջ: ՙՄենք կրկին հակամարտության կողմերի հետ սերտորեն աշխատելու մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ երկարաժամկետ խաղաղության հաստատման մեր ընդհանուր նպատակին հասնելու համար՚,- եզրափակել են նախարարները: