


Արմինֆո.Պաշտպանության (փախստականի) ժամանակավոր վկայականների փոխարինում այլևս չի պահանջվում: Այդ մասին հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման համաձայն ՝ 2024 թվականին փոխարինված պաշտպանության ժամանակավոր վկայականների վավերականության ժամկետն այսուհետ ավտոմատ կերկարաձգվի կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո:
"Հիշեցնում ենք նաև, որ մուտքի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս պաշտպանության ժամանակավոր վկայականի առկայությունը պարտադիր չէ: Եթե պաշտպանության ժամանակավոր վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորստի, վավերականության ժամկետի ավարտի, փչացման պատճառով), ապա նա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ պաշտպանության ժամանակավոր վկայականը տրվում է գործող անձնագրի հիման վրա", - ասվում է Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:



