
Արմինֆո. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության շրջանակներում իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ իր ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Այդ մասին հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Փորձարկումներն իրականացվել են երեք ուղղություններով՝
1․ Բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների,
2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների,
3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:
Փորձարկումների արդյունքները
1․ Բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել,
2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել,
3․ որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես», - ասվում է ՍԱՏՄ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հայաստան է ներկրվել հացահատիկ Ռուսաստանից և Ղազախստանից։ Հացահատիկը երկիր է ներկրվել գնացքով, որն առաջին անգամ անցել է Ադրբեջանի տարածքով։ Երկու դեպքում էլ բերվել է մոտ 1000 տոննա հացահատիկ ։ Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումը հնարավոր է դարձել միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները վերացրել են դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները։