


Արմինֆո.Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Յազլովեց գյուղում հայտնաբերվել է 17-րդ դարի եզակի հայկական հուշարձան: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի հայերի միության շտաբը, խոսքը 1611 թվականին ստեղծված հայկական ջրհորի մասին է։
Արտաքինից այն սովորական աղբյուր է՝ քարաքանդակով և թուջե խողովակով, որի տակ թաքնված է 17-րդ դարի հայ վարպետների ձեռքով ստեղծված բարդ հիդրոկառուցվածքը։
Աղբյուրի ջուրը սկզբում մտնում է ստորգետնյա ամբար, այնուհետև դուրս է գալիս: Պատին պահպանվել է փորագրված սալաքար՝ հայերեն և լատիներեն գրություններով:
"Հայ Հակոբը հասարակության բարօրության համար սա կառուցել է 1611 թվականին։ Այս խաչը և ստեղծված աղբյուրը Հակոբի և նրա եղբոր՝ Ստեփանի գործերն են։ Աբրահամը՝ քարտաշ վարպետը, կատարել է նվիրումով"։
Սալաքարի վերին մասը զարդարում է արծվի պատկերը՝ տարածված թևերով, որի տակ կա զարմանալի ծաղկային զարդանախշով խաչ։
Այս հուշարձանը զարմացնում է ոչ միայն իր տարիքով, այլև վարպետությամբ ։ Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովցի հայ վարպետներն իրենց փորագրություններով զարդարել են նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի տեղական եկեղեցին և հին ամրոցի դարպասը։



