
Արմինֆո. Հայաստանում օրեցօր մոլեգնող հանցավորության պայմաններում, իրավապահների ներուժը շարունակվում է ուղղվել ընդդիմախոսներին հետապնդելուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագետ, "Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն" հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Մելոյանը՝ "Իմնեմնիմ" հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության առնչությամբ։
«Լուսադեմից Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել է բնակարանները, այնուհետեւ՝ ձերբակալել «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Narek Samsonyanին և Vazgen Sagatelyanին՝ խոչընդոտելով վերջիններիս փաստաբանների գործունեությանը։
Ակնայտ է, որ վերջիններս չէին ձերբակալվի, եթե սպասարկեին իշխանության օրակարգը և թիրախավորեին ընդդիմադիր գործիչներին։
Եթե անձը մեղադրվում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով կատարված խուլիգանության համար, ապա ո՞րն է նրա բնակարանում խուզարկություն իրականացնելու նպատակը։
Նշված քննչական գործողությունը՝ բնակարանի խուզարկությունը, որևէ իրավական խնդիր այս դեպքում չի կարող լուծել։ Ակնհայտ է, որ դրա նպատակը բացառապես Սամսոյանի և Սաղաթելյանի ընտանիքների անդամներին ահաբեկելն է։
Արդյո՞ք կարելի է նշել մեկ այլ դեպք, երբ միջին ծանրության հանցանք հանդիսացող խուլիգանություն կատարած անձինք բերման են ենթարկվել ԱԱԾ դիմակավորված աշխատակիցների մասնակցությամբ։
Պատասխանը միանշանակ է՝ նման ձևով ձերբակալվում են միայն այն անձինք, ովքեր քննադատում են քաղաքական իշխանություններին։
Ապաքաղաքական կամ իշխանության աջակից հանդիսացող անձինք երբեք միջին ծանրության հանցանքի համար չեն ձերբակալվում ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Հայաստանում օրեցօր մոլեգնող հանցավորության պայմաններում, իրավապահների ներուժը շարունակվում է ուղղվել ընդդիմախոսներին հետապնդելուն։
Այսպիսով՝ ակնհայտ է, որ հերթական անգամ գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, այլ իրավապահ համակարգի միջոցով իրականացվող քաղաքական հաշվեհարդարի հետ։
Հ.գ. Զուգահեզ իրականությունում՝ թույլատրելի վայրով փողոցն անցնող հղի կնոջը անթույլատրելի արագությամբ վրաերթի ենթարկած ոստիկանը 3-ից ավել տարի է ազատության մեջ է։ Երեկվա ահասարսուռ սպանության հետքերով ձերբակալված չկա։ Էլ չասեմ տասնապատկված հանցագործությունների մասին…», - գրել է իրավագետը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում բերման էին ենթարկվել "Իմնեմնիմ" փոդքասթի հիմնադիրներ և հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Ինչպես հաղորդել է Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը, նրանք մեղադրվում են խուլիգանության համար: Փաստաբանի խոսքով ՝ բլոգերները ձերբակալվել են առավոտյան ժամը 7-ից իրենց տներում կատարված խուզարկություններից հետո: Մելիքյանը հաղորդել է, որ բլոգերների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: