
«Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում անցկացվող միջոցառումների շրջանակներում «Азбука Интернета» ձեռնարկի միջոցով ուսուցում կազմակերպելու համար երկու բուհերում՝ Գ.Վ.Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում դեկտեմբերի 1–ին ավարտվեցին ուսանող-կամավորների դասընթացները, որոնք անց էին կացնում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած փորձագետներ։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, ուսանողներին ներկայացվեցին բոլոր այն նրբություններն ու առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել միջին և տարեց բնակչության ուսուցման ժամանակ, մանրամասն ներկայացվեցին նրանց հետ աշխատանքի զգուշավոր մոտեցումներն ու հաճախակի կրկնության անհրաժեշտությունը։
Բուհերից ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցեցին շուրջ 46 ուսանողներ, ովքեր պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ սոցիալական այս կարևոր ծրագրին։
Միաժամանակ Գ.Վ.Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում ռուս մասնագետների կողմից մեկնարկեցին նաև դասընթացները տարեց «ուսանողների» համար, ովքեր երկուշաբթի օրվանից 12 աշխատանքային օր շարունակ երկուական ժամ կտրամադրեն նոր՝ համակարգչային գիտելիքների և հմտությունների ուսումնասիրմանը։
Հիշեցնենք, որ «Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով տեղեկատվություն է մատուցում նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների մասին։
Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։ Ձեռնարկը հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում է անցել և այստեղ ներկայացված են ինչպես հայկական պետական կառույցների կայքերն ու առցանց գործառույթները, կոմունալ ծառայություններ ներկայացնող ընկերությունները, այնպես էլ այլ կարևոր տեղեկատվական ռեսուրսներ։
Նշենք, որ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:
2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ. սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: