
Արմինֆո. «Լավ, բանավեճի չեք գալիս, չեք գալիս։ Եկեք տանեմ ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։ Մենակ էն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի», - սոցցանցում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին:
«ՍՍ–ն փորձել է տպավորություն ստեղծել, թե 2018–2020 թվականների ընթացքում մենք բանակը կազմաքանդել ենք, դրա համար էլ եղել է այն, ինչ եղել է։
Հիմա մի մեջբերում ՍՍ–ի հայտարարությունից, որ նա արել է 2018թ․ ապրիլի 17–ին ԱԺ ամբիոնից, որպես վարչապետի թեկնածու, նախորդիվ խոսելով այն մասին, որ Ադրբեջանը մեծ հավանականությամբ փորձելու է պատերազմով լուծել ԼՂ հարցը։
Մեջբերում ՍՍ–ի 2018թ․ ապրիլի 17–ի խոսքից․ «Հաջորդ դասն այն է, որ մենք շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։
Բա եթե 2020–ից հետո բանակի մասին ասածներիդ թեկուզ մի փոքր մասը ճիշտ էր, դու 2018–ին ուրիշ բան պիտի ասեիր։ Պիտի ասեիր, «մենք շատ երկար ժամանակ ամենամեծ ուշադրությունն ենք դարձրել մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։
Բա ինչու՞ էդպես չես ասել, որովհետեւ իմացել ես, որ բանակի փոխարեն բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես 2018 թվականի դրությամբ եւ ոչ թե բանակ։
Հ․Գ․ Չարթնացնեք, թողեք հանգիստ քնի», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը "Իմնեմնիմ" փոդքասթի եթերում նշել էր 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի երեք պատճառ։ «Առաջինը, իհարկե, բանակցություններից խուսափելն է և, ընդհանրապես, դրանցից հրաժարվելը։ Բանակցողներն էլ ինչ-որ անհասկանալի տարբերակ էին առաջարկել։ Եվ այդ հանգամանքները հանգեցրին նրան, որ բանակցային գործընթացը դադարեց․.. Կարծում եմ, որ նա (երկրի ղեկավարը - խմբ.) չկարողացավ լիարժեք խորանալ բանակցությունների մեջ։ Միայն փաստաթղթեր կարդալով դժվար էր հասկանալ՝ ուր են տանում այդ փաստաթղթերը»,- նշել է Սարգսյանը։ Երկրորդ պատճառը, նրա գնահատմամբ, այն էր, որ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք Ադրբեջանին հնարավորություն տվեցին արդարացնել պատերազմ սկսելու իր նախաձեռնությունը: "Երրորդ հանգամանքն այն էր, որ ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները գերազանց տեղեկացված էին մեր բանակում տիրող իրավիճակի մասին եւ տեսնում էին, որ բանակի մարտունակությունը նկատելիորեն նվազել է",-հայտարարել է նախկին նախագահը:
Հարցին, թե արդյոք պատերազմն անխուսափելի էր, նա միանշանակ բացասական պատասխան է տվել։ «Գնալով առաջ՝ արդյոք կանխատեսելի էր նման արդյունքը, միանշանակ կասեմ ՝ ոչ։ Բայց արդեն 2018 թվի երկրորդ կեսին, 2019 թվին ես խնդիրներ տեսա մեր Զինված ուժերում, 2020 թվին համոզվեցի դրանցում և 2020-ի օգոստոսին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցի, որ ռազմական գործողությունները մոտեցել են", - ասել է Սերժ Սարգսյանը: