


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ընթացքում Հայաստանը պետք է վերադարձնի իր ինքնիշխան տարածքները, որոնք գտնվում են Բաքվի վերահսկողության տակ:
"Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ ", - գրել է Փաշինյանը սոցցանցում։
Նշենք, որ ադրբեջանական անկլավները գտնվում են Հայաստանի Տավուշի և Արարատի մարզերում։ Դրանք են Բաղանիս - Այրում, Ներքին Ոսկեպար (Աշաղի Ասկիպարա) և Վերին Ոսկեպար (Յուխարի Ասկիպարա), Բարխուդարլի, Սոֆուլու գյուղերը, ինչպես նաև՝ Տիգրանաշենը (Քյարքի)։ Այդ բնակավայրերը Հայաստանին են աանցել 90-ական թվականների ռազմական գործողությունների արդյունքում՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Արծվաշենն, իր հերթին, անցել է Բաքվի վերահսկողության տակ։
Շատ հայ փորձագետներ բազմիցս նախազգուշացրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների փոխանակման վտանգների մասին: Նշվել է, որ անկլավները հանձնելիս Երևանը միջպետական ճանապարհներին առնչվող լուրջ խնդիրներ կունենա ։ Մասնավորապես, խոսքը մեկ անկլավի մասին է՝ Արարատի մարզում (Տիգրանաշեն), որտեղով անցնում է երկրի հարավն ու հյուսիսը և Հայաստանը Իրանին կապող Մ2 միջպետական մայրուղին, և երկուսի մասին՝ Տավուշի մարզում։ Համանման իրավիճակ է նաև հյուսիս-արևելքում, Տավուշի մարզում՝ շատ ծանր ոլորապտույտ հատվածում ՝ երկու նախկին անկլավներով։ Այնտեղով է անցնում Հայաստանը Վրաստանին կապող միջպետական մայրուղին ՝ Իջևանով, Նոյեմբերյանով, Բագրատաշենով։
Մինչդեռ, Արծվաշենն իր տարածքով փոքր-ինչ զիջում է նշված երեք անկլավների միագումար տարածքին, բայց ռազմավարական որևէ տարածք չի զբաղեցնում, ընդհակառակը, ամբողջությամբ շրջապատված է ադրբեջանական տարածքով:



