
Արմինֆո. Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է բավարարել նրան կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը:
«Հոգատար մարդիկ, ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասը տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում», - գրել է Քերոբյանը Facebook - ում։
Վահան Քերոբյանը ձերբակալվել էր երեկ առավոտյան՝ իր տանը խուզարկությունից հետո ։ Օրվա երկրորդ կեսին Հայաստանի Քննչական կոմիտեն մանրամասներ էր հաղորդել գործի վերաբերյալ, որով ձերբակալվել էր էկոնոմիկայի նախկին նախարարը: Հաղորդվել էր, որ Քերոբյանը ձերբակալվել է 2008-2014 թվականներին Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի յուրացման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը: Վերջիններիս բնակարաններում կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ: 6 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 4 անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 1 անձի նկատմամբ՝ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 1 անձի նկատմամբ՝ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 1 անձի նկատմամբ՝ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: 7 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
Նշենք, որ Քերոբյանը, ով 2024թ. փետրվարի 14-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել, մեղադրվում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած չարաշահումների գործով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու համար: Քերոբյանը մի քանի ամիս անցկացրել է տնային կալանքի տակ, սակայն ազատ է արձակվել 2024 թվականի հունիսին։ 2025 թվականի հունվարին Քերոբյանը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ վիճարկելու իրեն 4 ամսով տնային կալանքի տակ պահելու Երևանի դատարանի որոշումը։