


Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնահատական է տվել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երթուղուն, որը ստացել Է Թրամփի երթուղի անվանումը (TRIPP - The Trump Route for International Peace and Prosperity.)
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Թրամփը C5+1 հանդիպման ժամանակ նշել է, որ այդ երթուղին իրենից ներկայացնում է տրանսպորտային միջանցք, որն անցնում է աշխարհի տնտեսապես նշանակալի տարածաշրջանով և կոչված է խթանելու առևտրային ակտիվության աճը Կասպից ծովից այն կողմ՝ նպաստելով Կենտրոնական Ասիայի երկրների զարգացմանը: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ այդ հանդիպմանը ներկա յուրաքանչյուր երկիր կկարողանա օգտվել աշխարհի բացվող հնարավորություններից։ Թրամփը հավելել է, որ այդ երթուղու իրականացումը հնարավոր է դարձել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական համաձայնագրի շնորհիվ:
"Այդ պատմական համաձայնագիրը նախատեսում է նաև նոր "Թրամփի երթուղու" ստեղծում ։ Դա հիանալի է: Նրանք այն անվանել են իմ պատվին, և ես անկեղծորեն գնահատում եմ դա: Իրականում դա մեծ ձեռքբերում է ։ Թրամփի նոր երթուղին ճանապարհ է դեպի Միջազգային խաղաղություն", - ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:



