


Արմինֆո. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գլխավոր հետախուզական վարչության բազայի վրա կստեղծվի արտաքին հակահետախուզության ստորաբաժանում: Նշված ստորաբաժանումը նաև ապահովելու է օտարերկրյա պետություններում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը: Այդ մասին ասվում է նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարության ընդունած որոշման մեջ։
Կառավարության հաղորդագրության համաձայն, գործադիրը հավանություն է տվել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ծառայության հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը կդադարեցվի, Ազգային անվտանգության ծառայության կողմից կիրականացվի արտաքին հակահետախուզական գործունեություն, ծառայությունն իրավասություն կունենա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն՝ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում, կնախատեսվեն ծառայությունը՝ առավելապես սահմանապահ զորքերը և հատուկ ստորաբաժանումները համալրելու համար անհրաժեշտ լրացուցիչ իրավակարգավորումներ, ինչպես նաև կարդիականցվեն օրենքներում առկա մի շարք դրույթներ։



