


Արմինֆո. Հայաստանում կներդրվի ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցման լիարժեք մեխանիզմ: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Ինտերնետ ցանցի միջոցով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում առաջին ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
Ներկայացնելով նախաձեռնությունը՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիներին, ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին իրազեկումն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Բոլոր փուլերն անցնելիս ծանուցումը կհամարվի առաքված: Ծանուցումների ստացման էլեկտրոնային եղանակ է համարվում ֆիզիկական անձանց պաշտոնական էլեկտրոնային փոստը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար ' Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անհատական էջը: Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պատշաճ ծանուցված կհամարվեն հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անհատական էջում ծանուցումը տեղադրելու օրվան հաջորդող երրորդ օրվանից: Եթե իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը ուղղված ծանուցումը տեղադրելուց հետո երեք օրվա ընթացքում բացակայում է էլեկտրոնային համակարգի անհատական էջ մուտք գործելու էլեկտրոնային հաստատումը, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով, որի դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է համարվում Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքում հրապարակային ծանուցումները տեղադրելու օրվանից հետո' հինգերորդ օրը:
Արդարադատության նախարարության տվյալներով՝ միայն 2024 թվականին թղթային ծանուցման վրա ծախսվել է ավելի քան 653 մլն դրամ։



