


Արմինֆո.Հաշվի առնելով, որ Արցախի տեղեկատվական շտաբի էջում 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տեղադրված հայտարարության մասով մեծամասամբ դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով, ուստի աշխատանքներն առավել արդյունավետ և թիրախային կազմակերպելու նկատառումերից ելնելով ձևավորվել է աշխատանքային խումբ: Այդ մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի, այդ թվում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնման, ինչպես նաև քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված այլ իրավախորհրդատվական օգնություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով։ Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17ա։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–17:00։ Հեռախոս՝ 099 948765, 091 948765», -ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել էր, որ մինչև 2023 թվականը, այսինքն, մինչև Արցախի բնակչության բռնի տեղահանումը, 070 կոդով անձնագրերն իրենց տվել են նույն իրավունքները, ինչ ՀՀ քաղաքացիներին՝ բացառությամբ ընտրություններին մասնակցելու իրավունքի։ Սակայն, Հայաստանի իշխանությունների պնդմամբ, արցախցիներն ստիպված են փոխել իրենց ՀՀ քաղաքացու 070 կոդով կապույտ անձնագիրը մեկ այլ կապույտ հայկական անձնագրով։ Ընդդիմությունը վստահ է, որ այդ կերպ Հայաստանի իշխանությունները փորձում են չեզոքացնել Արցախից փախստականների հարցը՝ "չկա 070 կոդ, չկա փախստականների խնդիր Ադրբեջանի համար" սկզբունքով:



