
Արմինֆո. Հայաստանում Ակադեմիական ավանի կառուցումը թևակոխում է գործնական փուլ։ Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է երկրի 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Նրա խոսքով՝ ավանի կառուցման ծրագիրն իրականացնելիս գերատեսչությունն առաջնորդվում է հաստատված ռազմավարությամբ։ Ավանի կառուցումը կիրականացվի մի քանի փուլով։ Առաջին փուլում' 2030 թ. կգործարկվի տեխնոլոգիական կլաստեր, ինչը նշանակում է ուսանողների հավաքագրում այդ ժամանակահատվածում: Կկառուցվի նաև 3600 հոգու համար նախատեսված ուսանողական հանրակացարան։ Նախատեսվում է առաջին փուլում շահագործման հանձնել բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոն, որը հնարավորություն կտա տարբեր փառատոնների, մշակութային միջոցառումների անցկացման համար: Կստեղծվի նաև տրանսպորտային ենթակառուցվածք։
Նախարարը հաղորդել է, որ քաղաքում շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2026 թվականին: Նա կարևորել է Ակադեմիական ավանում որակյալ կադրերով դասավանդումը։ Վերջերս Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ կնքվել է պայմանագիր, որի նպատակն է ապահովել անհրաժեշտ կրթական դասընթացներ:
Հիշեցնենք, որ ավանի գլխավոր հատակագիծը մշակել է գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը։ Այն կկառուցվի Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում։ ՀՀ կառավարությունն անցյալ տարվա հունվարի 4-ին ընդունել է "Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների և Սասունիկ բնակավայրի նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու մասին" որոշման նախագիծը ՝ Ակադեմիական ավանի կառուցման նպատակով: Երևանի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում են գտնվում պետության և համայնքի սեփականություն հանդիսացող, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անվան "Հայֆիլմ" կինոստուդիայի զբաղեցրած տարածքը, կփոխանցվի "Ակադեմիական քաղաք" հիմնադրամին, որն ստեղծվել է 2023 թվականի ապրիլի 21-ին։
Անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին կառավարությունը հաստատել է "Ակադեմիական քաղաք" ծրագրի հայեցակարգը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Հայաստանի զարգացման պետական ծրագրի համաձայն, նախատեսվում է ստեղծել Ակադեմիական ավանը ՝ որպես որակյալ կրթության և հետազոտությունների ժամանակակից միջավայր: Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ակադեմիական ավանի տարածքում կտեղակայվեն մինչև 16 բուհեր ՝ մինչև 8 պետական խոշորացված և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ակադեմիական ավանի կառուցումը կարժենա 1,2 տրիլիոն դրամ։