
Արմինֆո. Օրվա իշխանությունների անպատասխանատու քայլերի պատճառով լարվում են հայ-վրացական հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՝ անդրադառնալով վրացական կողմի դժգոհությանը Եվրանեսթի ԽՎ վերջին լիագումար նիստի շրջանակում Երևանում ընդունված բանաձևին հայ իշխանական պատգամավորների միանալու առնչությամբ։
«Առանց այդ էլ, վերջին շրջանում վրացական կողմի հետ հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն թվում՝ չնայած պատկան մարմինների հավաստիացումներին, թե ամեն ինչ կարգին է։
Դրա հետևանքները ոչ միայն քաղաքական են, այլև տնտեսական։ Վրաստանի հետ առևտրային և տնտեսական կապերի զարգացումը մեր պետության համար ունի ռազմավարական նշանակություն։ Վրաստանի տարածքով իրականացվում են տարանցիկ բեռնափոխադրումներ դեպի երրորդ երկրներ։ Իհարկե, այստեղ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, և ժամանակ առ ժամանակ առաջանում են խնդիրներ։ Վերջին ցայտուն օրինակներից է վրացական սահմանին ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտումը։
Այս խնդիրները, գուցեև, ունեն քաղաքական ենթատեքստ, բայց իշխանությունը հենց նրա համար է, որ ձեռքի տակ եղած լծակների բանեցմամբ հասնի խնդիրների լուծման։ Մինչդեռ, սրանք զբաղված են ամեն ինչով՝ եկեղեցու դեմ արշավով, ընդդիմադիրներին հալածելով, բացի իրենց բուն գործառույթներն իրականացնելուց։
Ի՞նչ են մտածել իշխանական պատգամավորները՝ կողմ քվեարկելով մի բանաձևի, որով հարցականի տակ են դնում վրացական իշխանության լեգիտիմությունը։
Տպավորություն է, որ օրվա իշխանությունն այսպիսի քայլերի է գնում հստակ նպատակադրմամբ՝ վատթարացնելու Վրաստանի հետ հարաբերությունները։
Բնականաբար, այս քայլերն ունենալու են հետևանքներ, ինչից տուժելու է մեր տնտեսությունը, ծանր կացության մեջ են հայտնվելու տնտեսվարողները», - գրել է Դանիելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին քննադատել էր Հայաստանի խորհրդարանականներին՝ Վրաստանի մասով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բանաձևին աջակցելու համար:
Հիշեցնենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվել էին մասնակցել Երևանում անցկացվող Եվրանեսթի վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին: Վրացական կողմը պարզաբանել էր, որ նիստին չմասնակցելու պատճառը "եվրոպացի խորհրդարանականների միացումն էր Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիաներին, Եվրանեսթի վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության որոշ անդամների հայտարարությունները, որոնք խրախուսում են հասարակական անկարգությունները, արմատականացումը եւ բռնությունը": Բացի այդ, եվրոպացի խորհրդարանականների կողմից "քաղաքացիական հասարակության" քողի ներքո լիագումար նիստի հրավիրելը այն անձանց, ովքեր մասնակցել կամ աջակցել են ընտրությունների արդյունքների մերժմանը, լեգիտիմ ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը և Վրաստանում իշխանության տապալման վերջին փորձերին" ։