


Արմինֆո.Առայժմ թուրք-հայկական սահմանի բացման շուրջ քննարկում չի ընթանում, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այդ մասին հաղորդել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:
"Այս պահին խոսքը հարաբերությունների կարգավորման մասին է, այլ ոչ թե՝ կոնկրետ սահմանի բացման։ Այդ հարցը կախված կլինի գործընթացի ընթացքից, կոնկրետ ժամկետներ դեռ չկան", - ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ:
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Ադրբեջանի հետ համակարգմամբ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ են նշանակել ՝ Սերդար Քըլըչը եւ Ռուբեն Ռուբինյանը, որոնք արդեն մի քանի փուլ բանակցություններ են անցկացրել, սակայն ինչ-որ բեկումնային որոշումների հասնել նրանց դեռ չի հաջողվել:



