
Արմինֆո. 2023-2024 թվականներին Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության պայմանագրեր՝ ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կողմից երկրի խորհրդարանին ներկայացրած զեկույցի տվյալների։
Ինչպես հաղորդում է «Ազատութուն»-ը, Ֆրանսիայի ՊՆ-ն փաստաթղթում նշվում է, որ պաշտպանության ոլորտում համագործակցության բազմազանեցման շրջանակում Հայաստանը որոշել է դիմել Ֆրանսիայի աջակցությանը՝ կարողությունների մեծացման ու ժողովրդի անվտանգության ապահովման նպատակով։ «Նոր սարքավորումների արտահանումը, զորավարժությունների անցկացումն ու օպերատիվ գործողություններն ունեն խիստ պաշտպանական բնույթ։ 2023-ին Երևանում Ֆրանսիայի պաշտպանական առաքելության ստեղծումը թույլ է տալիս հնարավորինս սերտ կապեր հաստատել հայ գործընկերների հետ՝ համագործակցությունն ամրապնդելու լավագույն տարբերակների համար»,- ասվում է զեկույցում։
Փաստաթղթի համաձայն, մինչ 2022 թվականը Ֆրանսիան, գործնականում, սպառազինություն չի մատակարարել Հայաստանին, սակայն 2023-2024 թվականներին ցամաքային զորքերի սպառազինության բազմաթիվ պայմանագրեր են կնքվել, քննարկման փուլում են նաև Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում տարբեր նախագծեր։ Ի թիվս սրա, հայ-ֆրանսիական պաշտպանական գործընկերությունը ներառում է լեռնային տեղանքում մարտերի վարման կարողությունների մեծացում, որի շրջանակում համագործակցում են Վազգեն Սարգսյանի և Սեն-Սիրի ռազմական ակադեմիաները։
Զեկույցում նշվում է, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարում է Caesar հաուբիցներ. այդ մասին հայտնի էր դարձել դեռ 2024-ին, իսկ փաստաթղթի մեկ այլ մասում նշվում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին 15 հակատանկային հրթիռներ ու հրթիռային կայանքներ մատակարարելու մասին։
Նշենք, որ դեռ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Կատրին Կոլոնան հայտարարել էր Երևանում Ֆրանսիայի ռազմական կցորդի նշանակման մասին ՝ երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման նպատակով։ Իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիան դրական արձագանքեց Հայաստանի ռազմական օգնության խնդրանքին՝ Ադրբեջանից բխող սպառնալիքի ֆոնին։ 2023 թվականի հոկտեմբերի 22-23-ը Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը հաղորդվել էր Երևանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ համաձայնության մասին։ Այն ժամանակ ստորագրվել էին համաձայնագիր Երևանին երեք Thales Ground Master 200 (GM200) ռադարների մատակարարման մասին և փոխըմբռնման հուշագիր փոքր հեռահարության Mistral ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Երկրորդ պայմանագիրը վերաբերում էր Երևանի կողմից գիշերային տեսանելիության հեռադիտակների, Safran-ի արտադրության սարքավորումների ձեռք բերմանը։ Ֆրանսիան նաև պարտավորվել է Հայաստանին մատակարարել 50 միավոր "Բաստիոն" տեսակի թեթև զրահամեքենաներ։