
Արմինֆո. Վարդան Ղուկասյանի "Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն" (ԴՕԿ) կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով: Այդ մասին ասվում է ֆեյսբուքյան էջում տարածված ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի հայտարարության մեջ։
Ինչպես պատմել է Ղուկասյանը, ԱՄՆ-ում վարչական կալանքի պայմաններում ինքն ամեն օր ստանում է տասնյակ նամակներ աշխարհի տարբեր անկյուններից՝ բողոքներ, առաջարկություններ, ծրագրեր և խոստումներ։
«Դրանք վկայում են, որ մեր գաղափարական շարժումը շարունակում է աճել և վերածվել համազգային հզոր հոսանքի։
Այս պահից սկսած՝ հայտարարում եմ, որ բոլոր, անխըտիր բոլոր հարցերով իմ լիազորությունները փոխանցում եմ փաստաբան Լևոն Բաղդասարյանին, տալով նրան բացառիկ իրավունքներ ներկայացնելու իմ և մեր կուսակցության շահերն անխտիր բոլոր հարթակներում:
Ի գիտություն ԴՕԿ կուսակցության ղեկավարության, անդամների, նվիրյալների և ընտրողների՝ ես լիակատար վստահություն եմ հայտնում պարոն Լևոն Բաղդասարյանին, ով այսուհետ նաև զբաղեցնելու է նախընտրական շտաբի պետի պաշտոնը։
Այսօր ԴՕԿ կուսակցությունն իմ գլխավորությամբ ըստ ամենամեղմ հաշվարկների, ունենք ավելի մեծ հանրային վստահություն և ձայներ, քան բոլոր մյուս քաղաքական ուժերը միասին վերցրած։
Օրեր առաջ ես հանդես եկա կոչով՝ բոլոր քաղաքական առողջ ուժերին միավորվելու հանուն պետության և ժողովրդի։ Մինչև 2025թ. դեկտեմբերի 1-ը այդ ուժերին տալիս եմ դիվանագիտական անձնագիր՝ կողմնորոշվելու և միանալու մեր համահայկական շարժմանը։
Դեկտեմբերի 1-ից հետո հանրության դատին կներկայացնեմ ԴՕԿ կուսակցության ընտրություններին մասնակցող 131 պատգամավորական միասնական թեկնածուների անվանացանկը, Կառավարության կազմը, ՀՀ նախագահի թեկնածուին։
Որոշված է՝ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով», - ասվում է Վարդան Ղուկասյանի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ սկանդալային վիդեոբլոգեր Վարդան Ղուկասյանը, ով ավելի շատ հայտնի է "Դոգ" մականունով, ձերբակալվել է ԱՄՆ ոստիկանության կողմից ՝ Հայաստանի իրավապահների պահանջով: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել այդ հաղորդումները: Սակայն, ավելի ուշ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) Հյուսիս-արևմտյան շրջանի հաղորդակցության գծով տնօրենը հաղորդել էր, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Նշվում էր, որ Ղուկասյանին սպառնում է արտաքսում ԱՄՆ տարածքում գտնվելու կանոնների խախտման պատճառով։ Մարտին ԴՕԿ կուսակցությունը հաղորդել էր Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու մասին։ Հոկտեմբերին ԱՄՆ ներգաղթի դատարանը որոշում է կայացրել Վարդան Ղուկասյանին չարտահանձնել Հայաստան: Միաժամանակ, դատարանը սահմանել է, որ Վարդան Ղուկասյանը կատարել է միգրացիոն օրենսդրության խախտումներ, ինչի առնչությամբ նա պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները: