
Արմինֆո. Ազգային ժողովի "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը " խիստ վտանգավոր հուզականության ներարկում" է որակել բանակում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24-ից մինչեւ 18 ամիս կրճատելու որոշումը:
Նախօրեին "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից եւ անհետաձգելի կարգով ուղարկվել Ազգային ժողովի քննարկմանը: "Վերջին տարիներին արդյունավետ քայլեր են ձեռնարկվել "Պաշտպան հայրենյաց" ծրագրի տեսքով պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման ուղղությամբ (ծրագրի շահառուների թիվը 4220 է՝ ՊՆ-ի տվյալներով), մասնագիտական սերժանտական համակարգի ներդրման, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, ինչպես նաև սահմանամերձ զորամասերում վաղաժամկետ զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի ուղղությամբ, որոնց արդյունքները գնահատվում են դրական և նպաստում պայմանագրային զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ու ընդլայնմանը: Այդ կապակցությամբ նպատակահարմար է համարվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատել 6 ամսով ՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից ՝ սահմանելով պարտադիր զինվորական ծառայության 18-ամսյա ժամկետ", - կառավարության նիստում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ 18-ամսյա ժամկետը չի տարածվի այն անձանց վրա, ովքեր 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ դեռ կլինեն ժամկետային ծառայության մեջ։
«Մեկ ամիս առաջ գրությամբ ՊՆ-ից մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ-ի թիվն էի ուզել` վերջին 5 տարվա կտրվածքով: ՊՆ-ն դա նույնիսկ գաղտնիության գրիֆով չներկայացրեց, որին ծանոթանալուց հետո հանրայնացնելու իրավունք չունեի: Այսպիսի դեպքեր հազվադեպ է լինում: Սակայն լրիվ բացով ՊՆ-ն ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մասնակիցների ընդհանուր թիվը, որովհետև ներքին քարոզչությունում իրեն պետք էր:
Բայց ՊՆ-ն բնակաբար բացով չի ասում, թե 2 տարվա ցիկլով քանի պարտադիր ժամկետային ծառայող ունենք և 6-ամսյա կրճատման հետևանքով ընդհանուր թիվը որքանով կնվազի:
Կամ ճակատի քանի տոկոսի մարտական հերթապահությունն է դրված ոչ կանոնավոր զորքերի վրա և զորամասերում քանի չհամալրված հաստիք կա:
Երբ բանակը վերածում են 5-րդական կառույցի, մյուս բոլոր խնդիրներն էլ դիտարկվում են այդ տրամաբանության ներքո:
Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի, որտեղ առաջնայինը ոչ թե մարդիկ են, այլ կարճաժամկետ ու խիստ վտանգավոր հուզականության ներարկումը», - գրել է Տիգրան Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Ավելի վաղ փորձագետներն ու կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները հայտարարել էին, որ որոշումը չի բխում բանակում դրական փոփոխությունների հասնելու ձգտումից, այլ իշխող կուսակցության լավ մտածված նախընտրական քայլ է: Բացի այդ, ինչպես կարծում են նրանք, այդպիսով վարչապետ Փաշինյանը փորձում է հետագայում առաջ տանել Ադրբեջանի հետ խաղաղության իր կեղծ օրակարգը։ Մինչդեռ, ժամկետային զինվորական ծառայության 6 ամսով կրճատումը նշանակում է այդ ուղղությամբ զորակոչիկների թվի կրճատում 25 տոկոսով, իսկ Պաշտպանության նախարարության հայտարարած պայմանագրային զինծառայողների թվի աճը համարժեք չէ կրճատվածների թվին: Եվ ամենագլխավորը՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ մինչ այս փոփոխությունն ընդունում էին, որ զինված ուժերի համալրման լուրջ խնդիր կա։ Եվ այս պայմաններում նրանք գնում են բանակի ոչ համարժեք կրճատման, համոզված են փորձագետները։