Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չի ընդունել ՙՆոր Հայաստանի՚ շտաբի իրազեկումն Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ընդդիմադիր շարժման շտաբը:
Բացի այդ, նշվում է, որ նորանոր ահազանգեր է ստանում դեպի Երևան մարզերի քաղաքացիների տեղաշարժը ոստիկանության կողմից խոչընդոտելու մասին:
Շտաբի հայտարարության համաձայն, Եղեգնաձորում ոստիկանությունը կանգնեցրել է դեպի Երևան ուղևորվող ավտոմեքենաները, վերցրել է վարորդների փաստաթղթերը, ինչի պատճառով բազմաթիվ ուղևորներ ցուրտ եղանակին մնացել են ճանապարհին: Արմավիրի մարզում նույնպես երթուղիներից հանել են ավտոբուսները: Վանաձորից «Ժառանգություն՚ կուսակցության անդամներն ու աջակիցները երկու ավտոբուս են վարձել Երևան գալու համար, սակայն ոստիկանության և տրանսպորտի ու կապի նախարարության միջամտությամբ դրանք հանվել են երթուղուց:
Նախօրեին «Նոր Հայաստան՚ հանրային փրկության ճակատի ընդդիմության շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել դեկտեմբերի 1-ի հանրահավաքին և նախապատրաստվել բողոքի ակցիաների շուրջօրյա ռեժիմի: Նա նշել էր, որ իրենք արդեն իրազեկել են քաղաքապետարանին հրապարակում վրաններ տեղադրելու մտադրության մասին: Ավելի ուշ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ առաջիկա օրերին ՀՀ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, ապօրինի գործողությունների կանխմանն ուղղված աշխատանքներ: