


Արմինֆո. «Մեր ձեւով» ժողովրդական շարժումը դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ապօրինի ազատազրկումը։ Այդ մասին ասվում է շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
«Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը վերջին երկու շաբաթվա ընթացքում ժողովրդի կողմից ընտրված համայնքապետին քրեական գործիքակազմով չեզոքացնելու արդեն երկրորդ դեպքն է, որը չի կարող պայմանավորված չլինել քաղաքական ընթացիկ զարգացումներով և սպասվող ընտրական գործընթացներով։
Ինչպես Գյումրիի, այնպես էլ Մասիսի համայնքապետերի հետ կատարվածը, և առհասարակ, վերջին շրջանում ընդդիմախոսների շարունակական քաղաքական հետապնդումները փաստում են Հայաստանում ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների խորը ճգնաժամի, ընտրովի արդարադատության ու դատաիրավական համակարգը փոքրիկ խմբակի այսրոպեական շահին ծառայեցնելու արատավոր պրակտիկայի մասին։
Ասել ենք և կրկնում ենք` Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է», - նշվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 28-ին "Զվարթնոց" օդանավակայանում ՝ Ռուսաստանից վերադառնալուն պես: Ավելի վաղ դատարանը Դավիթ Համբարձումյանին դատապարտել էր 6 տարի 3 ամիս ազատազրկման: Հատկանշական է, որ ամեն ինչ արվել է, որպեսզի հնարավոր չլինի համաներում կիրառել և ազդել պատժի ժամկետի վրա ։ Համբարձումյանը մեղադրվում է "զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու" համար: Միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի հայտնի իրադարձությունների շրջանակներում։ Այն ժամանակ Համբարձումյանն ազատ էր արձակվել 5 մլն դրամ գրավի և չհեռանալու մասին ստորագրությամբ։



