
Արմինֆո. Հայաստանի մի խումբ քաղաքական և հասարակական գործիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով պահանջել են Հանրային հեռուստաընկերությունը վերադարձնել հանրությանը:
Հայտարարությունում, որը տարածել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը Հայկ Դեմոյանը, մասնավորապես, ասվում է:
«Մենք՝ հասարակական և քաղաքական տարբեր շրջանակների ու կազմակերպությունների ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ օրենքով հանրային շահին ծառայելու և բազմակարծություն ապահովելու նպատակով ստեղծված Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերի հաշվին գործող այդ Հանրային մեդիա համակարգը խաթարում է հանրային խոսքի հավասարակշռությունը, խեղաթյուրում է հասարակական իրողությունները և, հակասելով ՀՀ օրենքներին ու հանրային բարոյականության նորմերին, դարձել է իշխող քաղաքական ուժի ազդեցության հիմնական գործիքը։
Ստեղծված իրավիճակը ուղղակիորեն հակասում է խմբագրական անկախություն երաշխավորելու, քաղաքական և գաղափարական չեզոքություն ապահովելու, հանրային շահին ծառայելու, միակողմանի քարոզչությունն արգելելու «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի Հանրային հեռարձակողի պարտավորությունների հստակ սահմանումներին։
«Հանրայինը վերադարձնենք հանրությանը» խորագրով կլոր սեղանի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին թե´ իրավական և թե´ կազմակերպական առումներով հետևողականորեն աշխատել առկա անառողջ կացությունը շտկելու ուղղությամբ։
Հանրային լրատվամիջոցները չեն կարող լինել մասնավոր շահերն ու տեսակետները սպասարկող քարոզչական հարթակ։ Մենք համոզված ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոն, իրենց կոչմանն հավատարիմ մնալով, պարտավոր են ապահովել հեղինակություն և վստահություն հանրության շրջանում։
Սույն հայտարարությունը բաց է միանալու բոլոր այն քաղաքացիների և կազմակերպությունների համար, որոնք կիսում են այս մտահոգություններն ու նպատակները»։
Հայտարարության ներքո սստորագրել են Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանը, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, Վահե Դարբինյանը՝ «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամ, Ժաննա Ալեքսանյանը՝
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Լարիսա Ալավերդյանը՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Նինա Կարապետյանցը՝ ՆԺԱՐ սահմանադրական շարժում, տնտեսագետ Սուսաննա Մուրադյանը, Վիկտոր Մնացականյանը՝
«Հաղթանակ» կուսակցություն, հեռուստահաղորդավար, վերլուծաբան Կարեն Քոչարյանը,
Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, Դավիթ Մարգարյանը՝
«Ապրելու Երկիր» կուսակցություն, լրագրող Տիգրան Պետրոսյանը, գյուտարար, բիզնեսմեն Արտաշես Իկոնոմովը։