


Արմինֆո. Կան բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ շատ ուժեր շահագրգռված չեն TRIPP Route-ի բացմամբ։ Մինչդեռ, այդ նախագծի իրականացումից շահում են բոլորը։ Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակում "Առաջնորդության խաչմերուկներում" թեմայով քննարկման ժամանակ։
Փաշինյանը նշել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Խաղաղության մասին հռչակագրի համաձայն, ՀՀ-ի և ԱՀ-ի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման արդյունքում, որի շրջանակներում Երևանն ակնկալում է նաև երկրների միջև սահմանների բացում, կբացվեն կապուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, նոր կապ կլինի Կասպից և Միջերկրական ծովերի միջև: Հայաստանը նաեւ երկաթուղային կապ կունենա Իրանի, ՌԴ-ի և Կենտրոնական Ասիայի հետ։
Հայաստանի վարչապետը հերթական անգամ երախտագիտություն է հայտնել դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու Բաքվի որոշման առնչությամբ: Երևանն, իր հերթին, պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը Բաքվի համար․ Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումն Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:



