
Արմինֆո. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ի զորու չէ ապահովել Հայաստանի քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունը: Այդ մասին հայտարարել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Ձեր կողմից ղեկավարվող հիմնարակները` մասնավորապես կալանավայրերը գտնվում են անմխիթար վիճակում:
Կալանավայրերի գործունեության բազմաշերտ և բազմակողմ գնահատմամբ գալիս ենք եզրահանգման, որ սարսափելի անկառավարելի իրավիճակ է տիրում քրեակատարողական հիմնարկներում:
Հայաստանի Հանրապետության կալանավայրերը գեր ծանրաբեռնված են կալանավորներով:
Հայաստանի Հանրապետության կալանավայր մուտք գործելու համար հերթեր են գոյացել:
Երեկ` 29.10.2025 թվականին ժամը 20:00-ից մինչև 22:45 ես գտնվել եմ հերթի մեջ որպեսզի կարողանամ տեսակցել իմ վստահորդ պարոն Վարդան Ղուկասյանի հետ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Բոլոր աշխատասենյակները զբաղված էին:
Երեկ ի թիվս այլի, օրենքի կոպիտ խախտմամբ խոչընդոտվեց նաև իմ անարգել և անհապաղ շփումը կալանքի տակ գտնվող իմ վստահորդի հետ:
Հերիք չէ, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն օրենքի կոպիտ խախտմամբ շահագործում է ՀՀ ԱԱԾ-ի անցակետային ծառայությունը, ես ստիպված եմ եղել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ մուտք ապահովող տրանզիտ կետում` ՀՀ ԱԱԾ-ի մուտքի մոտ, ոտքի վրա սպասել ժամեր:
Տիկին Գալյան շատ վատ եք աշխատում, չեք կարող կազմակերպել արդարադատությանը ուղղված պետաիշխանական լիազորությունները ու պարտականությունները:
Ժամեր շարունակ սպասողների համար առնվազն պետք է կահավորել սպասասրահ Ձեր կողմից հաստատված տրանզիտ ապահովոք կետում` ՀՀ ԱԱԾ շքամուտքում:
Հ.Գ.
Ըստ էության տիկին Գալյան ի զորու չեք ապահովել քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունը», - գրել է Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարարին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գյումրու քաղաքապետի փաստաբաններից Առնոլդ Վարդանյանը հայտարարել էր, որ իրեն թույլ չեն տվել մտնել "Երեւան Կենտրոն" քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել իր պաշտպանյալի հետ, չնայած նրա ձեռքին առկա է Վարդան Ղուկայանի կողմից տրված գրավոր պայմանավորվածություն, որը հաստատում է քաղաքապետի շահերը ներկայացնելու իր լիազորությունները: Այդ կապակցությամբ նա հաղորդելլ է, որ Գյումրիի քաղաքապետի պաշտպանությունը մտադիր է հաղորդում ներկայացնել Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե՝ իր պաշտպանյալի հետ փաստաբանի հանդիպումը խոչընդոտելու փորձի առնչությամբ:
Նշենք, որ խոշոր չափերով կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի 8 աշխատակիցներ ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Վերջինս կալանավորվել է 2 ամիս ժամկետով։