
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայնել է, որ կոռուպցիան Հայաստանի տնտեսական հետընթացի պատճառներից մեկն է: Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Ըստ որում, նա գտնում է, որ եթե Հայաստանում Սերժ Սարգսյանը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը չկառավարեին, երկրում ավելի պայթունավտանգ իրավիճակ կլիներ: ՙՆախագահի իրականացրած խելացի արտաքին քաղաքականության շնորհիվ մենք խուսափեցինք շատ երկրներում տեղի ունեցած սցենարներից: Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում, Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում՚,- նշել է նա: Ըստ որում, նրա կարծիքով, ներկայումս համար առաջին խնդիրն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, մարտահրավերներին դիմակայելն է, ինչը, նրա կարծիքով, երկիրը հաջողությամբ կատարում է՝ կրկին կառավորղ ռեժիմի ճիշտ քաղաքականության շնորհիվ: ՙԵս նույնպես ցանկանում եմ, որ տատիկիս կենսաթոշակը բարձրանա 20 անգամ, մայրիկիս աշխատավարձը՝ 50 անգամ, իսկ հարևանս երկու անգամ ավելի շատ ստանա, քան ես: Սրանք ընդամենը ցանկություններ են, պետք է իրատես լինել՚,- նշել է նա:
ԱրմԻնֆո-ի այն դիտարկմանը, որ, փորձագիտական կազմակերպությունների և դեսպանների գնահատմամբ, տնտեսության զարգացմնան համար խոչընդոտ են հանդիսանում մոնոպոլիաները և կոռուպցիան՝ փոխխոսնակը հայտարարել է. ՙՀամաձայն եմ, որ ինչպես արտաքին գործոնները, այնպես էլ կոռուպցիան երկրի տնտեսական խնդիրների պատճառ են: Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, ովքեր գտնում են, որ կոռուպցիան խնդիր չի հանդիսանում: Դա բացասական երևույթ է, որն անհրաժեշտ է արմատախիլ անել: Եթե մենք չցանկանայինք պայքարել, չէինք ստեղծի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՚,- նշել է նա: Այն դիտարկմանը, որ իր գործունեության ութ ամսում Խորհուրդն ընդամենը մեկ նիստ է գումարել՝ Շարմազանովը պատասխանել է, որ կարևոր է ոչ թե նիստերի քանակը, այլ վերջինիս կատարած աշխատանքը:
Նշենք, որ Հայաստանը Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2014՚-ում 96-րդն է 135 երկրների թվում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր ունի երկրի ամենօրյա կյանքում: ՙԿոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը՚,- ասել է Միլսը: ՙԵս մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները՚,- ասել է դեսպանը: