
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, չնայած սահմանադրական բարեփոխումների հակառակորդների հայտարարություններին, կարծում է, որ դեկտեմբերի 7-ին հայ հասարակությունը չի արթնանա նոր Հայաստանում: Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա ասելով, բարեփոխումների շուրջ դիրքորոշումը չպետք է դառնա բաժանարար գիծ հասարակությունում: «Այդ բարեփոխումների անցկացումը կենաց-մահու հարց չէ ՀՀԿ համար, պարզապես, դրանք կհանգեցնեն կայունության և, նույնիսկ, իշխանափոխության` առանց ցնցումների», - հայտարարել է նա, ընդսմին հավելելով, որ եթե բարեփոխումները չանցնեն, ապա դա չի նշանակի ՀՀԿ ձախողում: «Բարեփոխումները բաժանարար գիծ չեն ընդդիմության և իշխանության միջև, դա իշխանափոխության գործընթաց չէ, ինչպես հայտարարում են որոշ քաղաքական գործիչներ», - ընդգծել է նա, հավելելով, որ տվյալ պահին ՀՀԿ-ն ամենակայացած և հզոր քաղաքական ուժն է Հայաստանում: «Չկա իշխանափոխության այլ ճանապարհ` բացի ընտրությունները, հետևաբար, այն ուժերը, որոնք ցանկանում են կառավարել երկիրը, պետք է մասնակցեն ընտրություններին և հաղթեն», - հայտարարել է Շարմազանովը:
Այդ համատեքստում նա այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի կազմակերպիչներին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք չեն համապատասխանում օրենքի տառին, և արհեստաաական լարվածություն չստեղծել: «Այսօրվա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում մենք նման երևույթներ թույլ չենք տա: Մենք մտադիր չենք երկրորդ անգամ նույն գետը մտնել», - հայտարարել է նա: Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք նկատի ունի մարտիմեկյան իրադարձությունները, Շարմազանովը հայտարարել է. «Այո, այդ թվում նաև մարտի 1-ը»:
Նախօրեին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում սկսվելու են անժամկետ շուրջօրյա բողոքի ակցիաներ, որոնց նպատակը սահմանադրական հանրաքվեի ձախողումն է և իշխանափոխությունը: Նա նշել է, որ ճակատն արդեն քաղաքապետարանին իրազեկել է Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու մտադրության մասին: Ավելի ուշ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, թե առաջիկա օրերին իրականացնելու է խստացված հերթապահություն, ապօրինի գործողությունների կանխման աշխատանքներ, նույնիսկ` հարկադրանքի եղանակների կիրառմամբ: Կառույցը նաև հանրահավաքի կազմակերպիչներին կոչ է արել հետևել քաղաքապետարանի իրազեկման նամակում նշված բոլոր կետերին: