


Արմինֆո. Չի կարելի մեծ ոգևորությամբ սպասել Թուրքիայի հետ սահմանի բացմանը, ինչպես դա անում են Հայաստանի իշխանությունները, քանի որ դա երկրին ոչ մի լավ բան չի բերի։ Նման կարծիք է հայտնել "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ տելեգրամյան ալիքում։
Որպես իր խոսքերի հաստատում՝ նա համեմատել է Վրաստանի և Հայաստանի տնտեսական վիճակը։ Մարուքյանը հիշեցրել է, որ Վրաստանը ելք ունի դեպի ծով, տարանցիկ հանգույց է և դրա շնորհիվ զգալի եկամուտներ է ստանում: Սակայն, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, նույնիսկ, այդ դեպքում Հայաստանը թվարկված չափանիշների բացակայության պայմաններում ավելի լավ տնտեսական վիճակում է գտնվում, քան վրացական կողմը։
Այնուհետև կուսակցության առաջնորդը նշել է այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ սահմանների բացման դեպքում: Նրա խոսքով, դա նոր մարտահրավերներ կստեղծի երկրի համար և կթուլացնի երկրի անվտանգությունն ապահովող մարդկանց դիմակայությունը, քանի որ Հայաստանը մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել սահմանի բացումից առաջ. չի ընդունել համապատասխան օրենքներ, սահմանափակումներ չի սահմանել և անվտանգության ապահովման ուղղությամբ կոնկրետ քայլեր չի ձեռնարկել:
Մարուքյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերը նշված բոլոր գործողությունները պետք է իրականացվեին մինչև գործող իշխանության կողմից սահմանի բացման շուրջ բանակցությունների անցկացումը: "Սակայն այս պահին այդ ուղղությամբ վերը նշվածներից որևէ մեկը չի արվել, որովհետև Հայաստանի իշխանությունները, պարզապես, չգիտեն և չեն հասկանում, թե ինչ է պետք անել", - ամփոփել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում հաղորդել էր, որ առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի կունենա միջգերատեսչական տեխնիկական հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման հարցը: Բացի այդ, ինչպես հավելել էր Ռուբինյանը, շարունակվում են նաև սահմանների բացման շուրջ բանակցությունները ։



