
Հայաստանի բնակչության 95%-ը դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Այդ պատճառով մեզ այլ բան չի մնում անելու, քան անհնազանդության խաղաղ ակցիա սկսելը: Իշխանություններն սկսել են կաշառել ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներին, վարկաբեկել նրանց: ՀԱԿ-ն արդեն ունի այդ փաստը հաստատող տեսանյութեր», - ընդգծել է Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահը ոստիկանությանը մեղադրել է օրենսդրությանը հակասող գործողություններ իրականացնելու համար: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ոստիկանությունն իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարություններով, ինչը երեկ արվել է:
«Ոստիկանության այսօրվա գործողությունները նույնպես անբարոյական են և խախտում են քաղաքացիների իրավունքները: Նրանք իրավունք չունեին տրանսպորտային գծերի վարորդներին արգելել միջմարզային փոխադրումների իրականացումը: Այդ առնչությամբ ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ անկախ այդ գործողություններից, մենք այսօր կսկսենք մեր անհնազանդության խաղաղ ակցիան», - նշել է քաղաքական գործիչը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ Երևանի քաղաքապետարանն արդեն իրազեկված է դեկտեմբերին 6-ին կայանալիք հանրաքվեից առաջ անհնազանդության շուրջօրյա ակցիաներ անցկացնելու իրենց մտադրության մասին:
Մարտիրոսյանը նշել է, որ «Ժառանգությունը» և «Նոր Հայաստանը» հույս ունեն մինչև դեկտեմբերի 6-ը հասնել իրենց նպատակին և երկրում սկսել իշխանափոխության գործընթաց: «Ընդդիմադիր ուժերը միշտ գործել են օրենքի շրջանակում և խաղաղ գործողությունների միջոցով, ի տարբերություն իշխանության, որը դիմել է ապօրինի գործողությունների: Մենք չենք գնա բախումների, սակայն հարկավոր է հիշել, որ ոչ ոք չեղյալ չի հայտարարել ինքնապաշտպանության իրավունքը: Եթե քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժ կիրառվի, նրանք իրավունք ունեն ինքնապաշտպանության դիմել», - նշել է Մարտիրոսյանը:
Նա նաև չի համաձայնել այն կարծիքին, թե ՀԱԿ-ի և «Նոր Հայաստանի» միջև գոյություն ունեն հակասություններ: Նրա ասելով, կան որոշ տարաձայնություններ մարտավարությունում, սակայն հանրաքվեի մոտենալուն զուգընթաց դրանք էլ են վերանում:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, թե առաջիկա օրերին իրականացնելու է խստացված հերթապահություն, ապօրինի գործողությունների կանխման աշխատանքներ, նույնիսկ` հարկադրանքի եղանակների կիրառմամբ: Կառույցը նաև հանրահավաքի կազմակերպիչներին կոչ է արել հետևել քաղաքապետարանի իրազեկման նամակում նշված բոլոր կետերին: