
Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ սահմանակից Հայաստանում իր ռազմական ներկայության ուժեղացման հարցի առնչությամբ հերքում կամ հաստատում չկա: Սակայն, ՌԴ կողմից նման միջոցների ձեռնարկման մասին են վկայում ռուսական որոշ լրատվամիջոցների տեղեկատվական արտահոսքերը՝ ՌԴ ՊՆ անանուն աղբյուրների վկայակոչմամբ: Խոսքը վերաբերում է հազարավոր զինծառայողներ ուղարկելու մասին:
Շրջանառվող լուրերի համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 29-ին հրաման է տվել Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի 58-րդ բանակին անհապաղ հայ-թուրքական սահմանին տեղակայել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, «էլիտար՚ զորագնդեր և բրիգադներ, զենիթային համակարգեր, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, հակատանկային համալիրներ, մոտոհրաձգային և հրետանային զորքեր, որոնց ընդհանուր քանակը կազմում է շուրջ 7000 ռուս զինվորական: Մինչդեռ այս տեղեկատվության հավաստիությունը հարցականի տակ է մնում: ԱրմԻնֆո-ի պաշտոնական հարցումներին համապատասպան կառույցները և ՌԴ ռազմական գերատեսչությունն առայժմ չեն պատասխանում, չեն արձագանքում նաև ռուսական ԶԼՄ-ներում այդ հրապարակումներին:
Մինչդեռ, ԱրմԻնֆո-ի հավաստի աղբյուրների համաձայն, պաշտպանական հզորությունը Գյումրիի 102-րդ ռազմակայանում զգալիորեն ամրապնդվում է, համալրվում է սպառազինությունը: Նոյեմբերի 16-ին՝ դեռ սիրիական սահմանի մոտ թուրքական կործանիչի կողմից ռուսական ՍՈւ-24-ի խոցումից առաջ, ռուսական ռազմատիեզերական օդուժի ԱՆ-124 «Ռուսլան՚ ինքնաթիռը սպառազինություն է բերել Հայաստան՝ ըստ երևույթին, Հայաստանի և Ռուսաստանի միջև 200 մլն ԱՄՆ դոլար պայմանագրի շրջանակներում: Հատկանշական է, որ նույն աղբյուրը հաստատել է հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, որ ՙՌուսլանը՚ Հայաստան է ժամանել Ադրբեջանի տարածքով, սակայն հետադարձ թռիչք կատարելիս ԱՀ իշխանությունները վերջինիս համար փակել են իրենց օդային տարածությունը, և ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան:
Միաժամանակ նախօրեին ԶԼՄ-ներում կրկին հետաքրքիր տեղեկատվություն է հայտնվել այն մասին, թե իբր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 27-ին մեկօրյա գաղտնի այցով գտնվել է Հայաստանում: Այցն, իբր, կապված է եղել մի շարք անհետաձգելի հարցերի լուծման հետ՝ կապված Սիրիայի երկնակամարում միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած բարդությունների հետ: Սական, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում ԱրմԻնֆո-ին հերքել են Շոյգուի այցի վերաբերյալ տեղեկատվությունը: