


Արմինֆո. Պաշտոնական Բաքուն շարունակում է կիրառել «Զանգեզուրյան միջանցք» եզրույթը՝ դրանով իսկ փաստացի հավասարության նշան դնելով «Թրամփի երթուղու» ու 2020 թ.-ից ի վեր առաջ մղվող «միջանցքի» նախագծի միջև: Այդ մասին գրում է էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը։
«Այս անգամ միջանցքային խոսույթ է բանեցնում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովը:
Էներգետիկի օրվա առթիվ լույս տեսած իր ծրագրային հոդվածում (20.10.2025) Շահբազովը հայտարարում է «Ադրբեջան (Նախիջևան)-Թուրքիա-Եվրոպա» էներգետիկ հանգույցի ձևավորման մասին, որի շրջանակներում արդեն նախագծվում են Ջաբրայիլ-Նախիջևան 330 կՎ և Նախիջևան-Թուրքիա 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը: Ըստ նրա՝ այս հաղորդակցության «կրող կոնստրուկցիա» է հանդիսանում «Զանգեզուրյան միջանցքը»:
Բաքուն շարունակում է զբաղվել աշխարհաքաղաքական մարքեթինգով՝ ցույց տալով, որ Հայաստանի հարավով նախագծվող հաղորդակցությունը տեղավորվում է Արևմուտքի, հատկապես ԵՄ-ի էներգետիկ ու էներգատրանսպորտային շահերի մեջ:
Հայաստանին էլ առաջարկվող դիվիդենտն արդեն հնչեցվել է՝ ինտեգրում թյուրքական «Միջին միջանցքին», սակայն ոչ թե հաղորդակցությունների համալիր ապաշրջափակմամբ, այլ բացառապես Սյունիքով անցնող «միջանցքով»: Օրերս դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Բաքվի որոշումը հենց դրա մասին էր:
Ի դեպ, օրերս այս հարցին էր անդրադարձել նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրալօղլուն՝ հայտարարելով, որ «Թրամփի երթուղին» կարող է էապես ընդլայնել «Միջին միջանցքի» թողունակությունը:
Սա է ձևավորվող տրանսպորտային ճարտարապետության վերջնական նպատակը՝ օգտագործել Սյունիքի լոգիստիկ ներուժը՝ թուլ չտալով Հայաստանի լիակատար ինտեգրումը տարածաշրջանային հաղորդակցություններին:
Պաշտոնական Երևանը կարող է դա ներկայացնել հանրությանը որպես «խաղաղության խաչմերուկ» կամ «հաստատված խաղաղություն»: Սակայն հարցի էությունը դրանից չի փոխվի», - գրել է քաղաքագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:



