Արմինֆո. Երևանում Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն արձագանքել է կարգալույծ Ստեփան Ասատրյանի կողմից Հովհաննավանքում Սուրբ Պատարագի անցկացմանը և դրան Հայաստանի գործող իշխանությունների մասնակցությանը:
ԱԱԾ մեկուսարանից Սամվել Կարապետյանի հղած ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ և անցած օրերին տեղի ունեցած իրադարձությունները եկան ապացուցելու իմ ամենավատ կանխատեսումները։
Փոքրիկ խմբակը ցույց տվեց, որ բառի ամենաուղիղ իմաստով պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով։ Հանուն իշխանության պահպանման այդ մարդիկ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում չտեսնված արարք գործեցին՝ փորձելով թշնամաբար կոտրել Հայ Առաքելական Եկեղեցու կարգը և արատավորել Սուրբ պատարագն իրենց միջամտությամբ։ Դրանով ազգային պառակտման ճանապարհին այս իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին։
Կարելի է վստահ լինել, որ այսքանով փոքրիկ խմբակը կանգ չի առնելու մեր կարևորագույն ազգային ինստիտուտին՝ մեր Մայր Աթոռին հարվածներ հասցնելու ու վարկաբեկելու համար։ Սակայն նրանք պետք է իմանան, որ մենք էլ շարունակելու ենք պաշտպանել մեր արժեքներն ու սրբությունները ճիշտ այնպես, ինչպես արել ենք դարեր առաջ, արել ենք երեկ ու անելու ենք վաղը։ Ոչ մի զրկանք չի՛ կարող կանգնեցնել մեր շարժման ընթացքը դեպի հաղթանակ։ Ոչ մի բանտարկություն չի՛ կարող կոտրել այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալների՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ Սրբազանների, տասնյակ գյումրեցիների, այդ թվում՝ «Մեր Ձևով» շարժման Գյումրու պատասխանատու Ռուբեն Մխիթարյանի, մեր այլ ընկերների և գործընկերների կամքը՝ ապրելու բռնապետությունից ու օտարի ազդեցությունից ազատ, իրական քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, արժանապատվությունը վերականգնած, բարեկեցիկ քաղաքացիների Հայաստանում: Անելու ենք՝ Մեր ձևով»։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երևանում՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին: Նա պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (հայտնի "ՊԱԿ-ի նկուղը" ՝ ԱԱԾ շենքում)։ Նրան մեղսագրվում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։ Բացի այդ, հուլիսին "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավարին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացման համար։ Հոկտեմբերին Հակակոռուպցիոն դատարանը հերթական անգամ երկարաձգել է Կարապետյանի կալանքը՝ ևս մեկ ամսով: