


Օրենքը կանոնակարգում է և հանրահավաք կազմակերպողների իրավունքներն ու պարտականություները, և` ոստիկանության: Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նոյեմբերի 30-ին կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, խորհրդակցությունը նվիրված էր դեկտեմբերի 1-ից շուրջօրյա հանրահավաքներ սկսելու վերաբերյալ «Նոր Հայաստանի» մտադրությանը: Այդ համատեքստում ոստիկանապետն իր ենթականերին հրահանգել է երկխոսության գնալ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների հետ: «Հանդիպեք և խոսեք կազմակերպիչների հետ, դա արդյունավետ կլինի: Եղեք բացարձակապես անկեղծ: Օրենքը լավ կանոնակարգում է և հանրահավաք կազմակերպողների իրավունքներն ու պարտականություները, և` ոստիկանության: Այստեղ լրացուցիչ ոչինչ պետք չի, բացատրեք, ասեք, չհասկանան, կասեք՝ վերցրեք կարդացեք օրենքը և բարի եղեք գործել օրենքի շրջանակում»,- կոլեգիայի անդամներին հայտարարել է Գասպարյանը: Նա ոստիկանության աշխատակիցներին հրահանգել է անկարգությունների դեպքում գործել օրենքի տառին համապատասխան:
Վլադիմիր Գասպարյանը կրկին նշել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ չի կարելի անկարգություններ հանդուրժել: «Այո, սա փոքր երկիր է, և էս փոքր երկրում չի կարելի հանդուրժել խժդժումներ: Ավելի լավա նստեն, մուլտիկներ հանեն, քան թե կռիվ-կռիվ կազմակերպեն ոստիկանության հետ: Ասեք, բացատրեք ու բացարձակ անկեղծ եղեք: Եվ թող իրենց արկածախնդրությունը ոչ մեկի չպարտադրեն», - հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Ազատության հրապարակում նախատեսում է հանրահավաք անցկացնել և սկսել բողոքի անժամկետ ակցիաներ` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:


