
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Կոպենհագենում կայանալիք Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 75-րդ նստաշրջանին: Նախարարին գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2025 թվականի հոկտեմբերի 27-29-ը գործուղել Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 75-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով», - ասվում է վարչապետի որոշման մեջ, որը տարածել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ առողջապահության նախարարները և եվրոպական տարածաշրջանում ԱՀԿ անդամ բոլոր 53 պետությունների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կմասնակցեն 2025թ. հոկտեմբերի 28-30-ը Կոպենհագենում կայանալիք ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի յոթանասունհինգերորդ նստաշրջանին:
Եռօրյա միջոցառման առաջին օրը նվիրված կլինի քաղաքական հարցերին. պատվիրակների առջև ելույթ կունենան ԱՀԿ գլխավոր տնօրենը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային տնօրենը: Քննարկվելու է նաև 2026-2030թթ. առաջարկվող երկրորդ եվրոպական աշխատանքային ծրագիրը, որը համատեղ մշակվել է անդամ պետությունների կողմից ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ՝ լայն խորհրդատվական գործընթացի շրջանակներում:
Նստաշրջանի երկրորդ օրը նվիրված կլինի ռազմավարական ղեկավարման հարցերին, այդ թվում ՝ տարածաշրջանային կոմիտեի մշտական կոմիտեի կազմում անդամ պետությունների ընտրությանը և ԱՀԿ Գործադիր կոմիտեի և այլ կոմիտեների կազմում անդամ պետությունների թեկնածությունների առաջադրմանը: Օրակարգի մյուս կետերից են ծրագրային բյուջեն և ԱՀԿ ԵՕԶ զեկույցը հաշվետվողականության հարցերի վերաբերյալ:
Երրորդ օրը նվիրված կլինի տեխնիկական հարցերի քննարկմանը․ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում երեխաների և դեռահասների առողջության և բարեկեցության 2026-2030թթ. ռազմավարությունը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում հանրային առողջության համար նորարարության օգտագործման 2025-2030թթ. ռազմավարությունը: