


Արմինֆո. Ցավոք, Հայաստանի և հայության պատմության մեջ գրվեց ևս մեկ խայտառակ էջ։ Այդ մասին իր Telegram-ալիքում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը։
"Արցախի մեր ազգակիցներին շրջափակման և սովի մատնած Բաքվի բարբարոսական վարչախմբի ձեռնածուն Երևանում ընդունվում է ոչ թե բանտում, այլ բարձր պաշտոնական մակարդակում։ Սա պատմության ծաղրն է՝ ամոթի խարան, որն, անկախ մեր կամքից, նաև արժանապատիվ հայերիս ու հայաստանցիներիս ճակատին են դաջում թշնամու հետ քիրվայություն անողները", - գրել է փորձագետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպում, որոնց հետ հանդիպել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա հետ Հանդիպմանը ներկա է եղել նաև ադրբեջանցի ակտիվիստ և Լաչինի միջանցքի շրջափակման մասնակիցներից մեկը ՝ Դիլարա Էֆենդիևան։



