
Արմինֆո. Փաստաբան Արա Զոհրաբյանը հաղորդել է, որ իշխանության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ շարունակվող հարձակումների ֆոնին հանցագործության մասին հաղորդումներ եւ դիմում է ներկայացրել երկրի իրավապահ մարմիններին՝ Եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով։
«1. Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու հետ: Հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները մոնտաժված և փոփոխված լինեն: Բայց ինքնին գաղտնիության խախտման փաստը խնդրահարույց է:
ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը հանցագործություն է համարում մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտելը:
2. Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ:
Իրենց գործողություններով Ստեփան Ասատրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով արգելված արարքի (կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը) նախապատրաստություն, որը համարվում է չավարտված հանցագործություն:
ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական պատասխանատվության հիմքն ինչպես ավարտված, այնպես էլ չավարտված հանցանք կատարելն է:
2025թ. հոկտեմբերի 26-ի պատարագի կատարումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված քահանայի կողմից խոչընդոտելու նախապատրաստությունը դրսևորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարություն-հրավեր տալու, այդ օրվա պատարագին միայն «տեր Արամից» հաղորդություն ընդունելու պնդման, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականներին սպառնալու միջոցով, իսկ Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու տարածքն ազատելուց հրաժարվելու և պատարագ անցկացնելու հրավեր ու պնդում կատարելու միջոցով: Ընդ որում, այդ նպատակին նշված անձինք կհասնեն, եթե իրավապահ մարմինները միջոցներ չձեռնարկեն:
3. ՆԳՆ ոստիկանությանը ներկայացվել է դիմում ներխուժումը կանխելու վերաբերյալ:
Ի թիվս այլ պահանջների՝ պահանջվել է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցու՝ ատյանից, խորանից, ավանդատներից և այնպիսի վայրերից, որոնք նախատեսված են բացառաբար Եկեղեցու սպասավորների համար, վտարել Ստեփան Ասատրյանին», - գրել է փաստաբանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․
«Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝
ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,
բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,
գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,
դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով»:
Հավելենք, որ հենց Ասատրյանի դիմումի համաձայն են ձերբակալվել ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ վանքի վանահայր Հայր Գարեգին Արսենյանը: