


Արմինֆո. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի չորրորդ կոմիտեի "Աջակցություն ականազերծման գործողություններին" օրակարգային կետի ընդհանուր քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է ականազերծման գործողությունների մարդասիրական բնույթը և Հայաստանի հաստատակամ հանձնառությունը մարդասիրական նորմերին ու սկզբունքներին: Այդ մասին հաղորդել Է ՄԱԿ-ին առընթեր Հայաստանի ներկայացուցչությունը։
"Կարևորելով ականազերծման գործողություններին աջակցության ցուցաբերումը և վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը հակահետևակային ականների և այլ պայթյունավտանգ առարկաների կիրառման հումանիտար հետևանքների հաղթահարմանն ուղղված միջազգային ջանքերին ՝ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն զգալի ներդրում է ունենում հակամարտության գոտիներում վերոնշյալ նպատակների համալիր իրականացման գործում", - հայտարարել են ՄԱԿ-ին առընթեր Հայաստանի մշտական ներկայացուցչությունում:
Միևնույն ժամանակ, դիվանագիտական ներկայացուցչությունում հայտարարել են, որ Հայաստանի հաստատակամ հանձնառությունը մարդասիրական սկզբունքներին իր հաստատումն է գտել 2019-2024 թվականներին Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական առաքելությանը մասնակցելու հարցում, որտեղ հայ մասնագետներն աջակցություն են ցուցաբերել միջազգային հայտնաբերման և ականազերծման գործողություններին: Ի թիվս այլ հարցերի, ընդգծվել է անկեղծ և ապաքաղաքականացված համագործակցության կարևորությունը մարդկային տառապանքների կանխարգելման և անվտանգության ապահովման համատեքստում:



