


Արմինֆո.Արցախի հայերի ցեղասպանությանը մասնակցած և Լաչինի միջանցքը փակած անձի ժամանումը Հայաստան հերթական ապացույցն է այն բանի, որ երկրի ղեկավարությունը գտնվում է Ադրբեջանի իշխանության տակ: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ Գևորգ Սաֆարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հայատյաց ներկայացուցիչների այցը Երևան՝ մասնակցելու կլոր սեղանին:
Նա համոզմունք է հայտնել, որ նման հակապետական և թշնամուն հնազանդ քաղաքականության հետևանքը լինելու է Հայաստանի վերացումը: "Սա Հայաստանի և հայ ժողովրդի հերթական նվաստացումն է թշնամու առջև։ Իշխանությունների նման քաղաքականությունը բերելու է նրան, որ մեր ժողովուրդը ստրկացվի և ոչնչացվի", - հայտարարել է Սաֆարյանը։
Ընդ որում, նա նշել է, որ այս իրավիճակի մեղավորը հենց ժողովուրդն է, քանի որ լռություն է պահպանում և հանդուրժում է թշնամուն հնազանդ իշխանությանը: Այդ առնչությամբ ԱԺԲ անդամն ընդգծել է, որ այս իրավիճակում հեղափոխությանն այլընտրանք չի տեսնում։ "Հեղափոխությունն այլընտրանք չունի, հեղափոխության այլընտրանքը մահն է", - ամփոփել է Գեւորգ Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-22-ը Երևանում տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան ՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին, երկու հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման հարցերին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուղիղ և երկարաժամկետ շփումների հաստատման հեռանկարներին: Սակայն, նկատենք, որ մասնակիցների թվում էր Լաչինի միջանցքը փակած, այսպես կոչված, "էկոակտիվիստուհիներից" մեկը՝ Դիլարա Էֆենդիևան։ Նրանից բացի՝ Երևան է ժամանել նաև Ֆարհադ Մամեդովը, ով, իր հերթին, հերքել է Լաչինի միջանցքի փակման և Արցախի էթնիկ զտման փաստը:



