
Արմինֆո. Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 46-ամյա հայ զբոսավար Վիգեն Էուլջեքջյանի իրավական ներկայացուցիչները պաշտոնապես դիմել են անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով, մատնանշելով միջազգային իրավունքի լուրջ խախտումներն ու Էուլջեքջյանի կյանքը վտանգող կալանքի ծանր պայմանները։ Այդ մասին հաղորդում է «Free Armenian Hostages» նախաձեռնությունը։
Նախաձեռնությունում հիշեցրել են, որ Էուլջեքջյանը ձերբակալվել է 2020 թ. նոյեմբերի 10-ին Շուշիում (Լեռնային Ղարաբաղ), 2020 թ. հայ-ադրբեջանական պատերազմի հրադադարից մեկ օր անց։ 2021 թ. հունիսի 14-ին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «վարձկան գործունեության» և «ահաբեկչության» մեղադրանքներով։ Նրա փաստաբանները պնդում են, որ նրա կալանավորումը և դատապարտումը կամայական են և խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Մարիա Լուսիանա Մինասյանի (Արգենտինա) և Այտոր Մարտինես Խիմենեսի (Իսպանիա) կողմից ներկայացված միջնորդագրում ներկայացված է երկու հիմնական փաստարկ՝
1․ Իրավասության խախտում. Ադրբեջանը Էուլջեքջյանին վերաբերվել է որպես քաղաքացիական անձի, սակայն նրան դատել և դատապարտել է ռազմական դատարանը՝ հակառակ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի (UNWGAD) հաստատված նախադեպի, այն է. ռազմական դատարանները իրավասություն չունեն քաղաքացիական անձանց նկատմամբ։
2․ «Վարձկանության» մեղադրանքի սխալ կիրառում. Համաձայն Ժնևի կոնվենցիայի, քաղաքացիությամբ հայ Էուլջեքջյանը չի կարող իրավաբանորեն դասակարգվել որպես վարձկան։
Բացի այդ, նրա փաստաբանները խնդրել են աշխատանքային խմբի անդամ Գաննա Յուդկիվսկայի ինքնաբացարկը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նրա մասնագիտական կապի և Ադրբեջանի հետ անձնական կապերի պատճառով առաջացող շահերի հնարավոր բախման պատճառով։ Միջնորդագրում հղում է արվում Միջազգային քրեական դատարանի հիմնադիր գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքին և Լոս Անջելեսում գործող «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» (CFTJ) կողմից ներկայացված պաշտոնական բողոքին (կենտրոնը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերի իրավունքները)։
Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը (UNWGAD) անկախ փորձագետների մարմին է, որը նշանակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (UNHRC) կողմից 1991 թվականին՝ հետաքննելու այն դեպքերը, երբ մարդկանց զրկում են ազատությունից՝ խախտելով մարդու իրավունքների միջազգային չափանիշները։ Այն տալիս է իրավական կարծիքներ, բողոքարկումներ և առաջարկություններ՝ ներառյալ ազատ արձակման և փոխհատուցման շուրջ։