
Արմինֆո. Երրորդ տարին Բաքվում պահվող բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով մեկնաբանություն է փոխանցել փաստաբան Աբրահամ Բերմանից հրաժարվելու մասին ՝ նրա աշխատանքի համար պայմանների բացակայության և իրավունքի նորմերի խախտման պատճառով:
Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է. "Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հայտարարեցի իմ պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին: Սա հարկադրված որոշում էր: Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են", - փաստել է Վարդանյանը։
Նա արձանագրել է, որ իրեն այդպես էլ թույլ չտվել ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը: «Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է. ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի 422 հատորներին, դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը:
Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել: Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ՝ դատական նիստերին պատրաստվելու համար, հասանելիություն չեմ ստացել ձայնա և տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց:
Իմ բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների և դատարանի կողմից: Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան:
Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը: Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը՝ վերջնականապես զրկելով գործընթացը օբյեկտիվության և արդարության որևէ նշույլից:
Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացավ: Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից և ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ: Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում», - ամփոփել է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Վարդանյանն ու Արցախի նախկին ու գործող ևս 7 պաշտոնյաներ 2023 թվականի սեպտեմբերի վերջից գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ։ Միջազգային հանրությունն անտեսում է Արցախի պաշտոնյաների ՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը։