


«Նոր Հայաստանի» քարոզչական շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանn ԱԱԾ կողմից ձերբակալված զինված խմբավորման անդամների մեծ մասին համարում է զոհեր: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, տարիներ շարունակ իշխանությունները հայրենասիրական շարժումների միջոցով վերահսկել են այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են փոփոխություններ: «Համոզված եմ, որ կալանավորվածների մեծ մասն ազնիվ հայեր են, և սա առաջին դեպքը չէ, երբ սեփական երկրի հայրենասերներին փորձում են վերահսկել», - նշել է Սէֆիլյանը: Նա ընդսմին հավելել է, որ եթե ձերբակալված խմբավորումն այնքան վտանգավոր լիներ, ինչպես ներկայացնում են իրավապահ մարմինների աշխատակիցները, ապա նրանց ձերբակալությունը շատ ավելի վաղ կիրագործվեր: «Այդ գործում շատ բան տարօրինակ է, հատկապես, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ ձերբակալումից անմիջապես հետո լուրեր տարածվեցին «Նոր Հայաստան» շարժման հետ ձերբակալվածների առնչության մասին», - նշել է նա, հավելելով, որ ավելի ուշ հանդես կգա այդ մասին հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փակ նիստում բավարարել է նոյեմբերի 25-ին վնասազերծված և ծանր հանցագործություններ նախապատրաստվելու մեջ կասկածվող խմբի անդամների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Ներկա դրությամբ դատարանն արդեն բավարարել է խմբի 6 անդամներին կալանքի վերցնելու միջնորդությունը: Ընդհանուր հաշվով բերման է ենթարկվել 21 անձ: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք նախատեսում են 3-12 տարի ազատազրկում: Կատարվում է նախաքննություն:



