
Սիրիայի երկնքում խոցված ռուսական ռազմական ինքնաթիռը հերթական անգամ աշխարհի ուշադրությունը սևեռեց միջազգային ահաբեկչության աջակիցների հետ Թուրքիայի համագործակցության խնդրին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նոյեմբերի 24-ին Սիրիայի երկնքում ռուսական «ՍՈՒ-24» ռմբակոծիչը խոցվել էր Թուրքիայի ՌՕՈՒ «Ֆ-16»-ից արձակված հրթիռով և վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: «ՍՈՒ-24»-ի երկու օդաչուները կատապուլկվել են, սակայն նրանցից մեկը վայրէջք կատարելիս զոհվել է ցամաքից արձակված կրակոցներից, մյուսը, չհաստատված տեղեկությունների համաձայն, փրկվել է Սիրիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից և գտնվում է Սիրիայի ռուսական ռազմակայանում: Եվս մեկ ռուս զինծառայող զոհվել է փրկարարական գործողության ժամանակ:
«Ռուս-թուրքական հարաբերությունները երբեք հարթ չեն եղել, դրանցում միշտ առկա են եղել բազմաթիվ խնդիրներ: Եվ Թուրքիան երբեք իր արտաքին հարաբերություններում դաշնակցային կամ, նույնիսկ, գործընկերային գերակայություններով ղեկավարվող երկիր չի եղել: Թուրքիան միշտ ելնում է սեփական շահերից` դրանք պաշտպանելու համար հաճախ կիրառելով ագրեսիա և ոտնահարելով գործընկեր երկրների շահերը», - համոզված է Զաքարյանը:
Այդ լույսի ներքո խարհրդարանականը կարծում է, որ թուրքական ՌՕՈՒ կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումն, անկասկած, կանխամտածված բնույթ է կրել: Այդ ակցիան, նրա գնահատմամբ, ևս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիան ամենևին այնպես մաքուր չէ ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես փորձում է դա ներկայացնել:
Զաքարյանի գնահատմամբ, Անկարան, անկասկած, ունի սեփական թաքնված շահերն ու ծրագրերը` համագործակցելով նաև ահաբեկչական կազմակերպությունների հետ: Տվյալ համատեքստում պատգամավորը կարծում է, որ ռուսական ինքնաթիռի ոչնչացումը հերթական անգամ աշխարհի ուշադրությունը սևեռեց միջազգային ահաբեկչության աջակիցների հետ Անկարայի համագործակցության խնդրին:
«Հաշվի առնելով, որ առանց պետությունների աջակցության ահաբեկչական կազմակերպություններն ի զորու չեն երկար դիմակայել ահաբեկչության դեմ պայքարող պետություններին, Թուրքիան և ահաբեկչությունը սատարող մյուս երկրները, անկասկած, պետք է պատասխանատվության իրենց բաժինը կրեն ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցության և նրանց աջակցության համար», - ամփոփել է Զաքարյանը: