


Արմինֆո. Բոլոր այն ընտրություններում, որոնց ժամանակ ուղղակի կամ անուղղակի կօգտագործվի վարչական ռեսուրսը, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը կպարտվի։ Այդ մասին հոկտեմբերի 22 - ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իր այդ համոզմունքը եղել և մնում է։ "Ի վերջո, մենք վարչական ռեսուրսի կիրառմա՞մբ հեղափոխություն իրականացրինք։ Այդ ի՞նչ քաղաքական ուժը պետք է լինի, որը հրաժարվում է իր հաջողության պատմությունից, որպեսզի ընտրություններում կիրառի վարչական ռեսուրսը",- հարցեր է ուղղել կառավարության ղեկավարը, հավելելով, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքականությունն անխուսափելիորեն տանում է ինքնասպանության։



