


Արմինֆո. Եվրամիությունն իր ոգևորությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումների առնչությամբ:
"Շատ ոգևորված եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական քայլերի շարքով, ներառյալ Ադրբեջանի կողմից Հայաստանի համար ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին Ադրբեջանի հայտարարությունը", - գրել Է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ Twitter (X) սոցցանցի իր էջում:
Նա նաև ուշադրություն է հրավիրել երեկ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիր մարմինների խոսնակների հանդիպմանը, ինչպես նաև Երևանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության փորձագետների կլոր սեղաններին: Այդ առումով եվրոպացի պաշտոնյան ընդգծել է նման նախաձեռնություններին աջակցելու ԵՄ պատրաստակամությունը։ "ԵՄ-ը ջերմորեն ողջունում է այդ գործնական քայլերը և պատրաստ է աջակցել բոլոր նման նախաձեռնություններին, ինչպես նաև վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցառումներին", - նշել է Գրոնոն:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաեւ դրական է գնահատել տարածաշրջանային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերը: "Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հերթական հանդիպման հայտարարված նախապատրաստությունը, որը նվիրված է Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնմանն ու վերագործարկմանը", - հավելել է նա:
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր դեպի Հայաստան տարանցիկ բեռների ապաշրջափակման մասին: Նրա խոսքով՝ այդ քայլերի շրջանակներում առաջին անգամ Ղազախստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան կհասցվի ղազախական հացահատիկ: Պաշտոնական Երևանը ողջունել է ադրբեջանական կողմի այդ քայլերը։



