
Արմինֆո. Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Շիրակի մարզ այցի շրջանակում իրականացրել է այց ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր՝ հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։
Ինչպես հաղորդում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը և իրավունքների ապահովման վիճակը։ Ազատությունից զրկված անձանց հետ կայացել են առանձնազրույցներ, որոնց բովանդակությունը խորհրդապահական է և հրապարակման ենթակա չէ։
Աշխատանքային այցի ընթացքում Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։
Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր մարմինների պատշաճ համագործակցությունը, ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։
Այցի շրջանակներում Պաշտպանն այցելել է Ամասիա և Աշոցք համայնքներ։ Ամասիայում տեղի է ունեցել հանդիպում համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են համայնքային մակարդակում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։
Ամասիայում Պաշտպանն այցելել է մանկապարտեզ, մարզամշակութային կենտրոն և գրադարան՝ տեղում ծանոթանալով դրանց գործունեությանը և պայմաններին։
Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել Ամասիա և Աշոցք համայնքների բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Քննարկումների ընթացքում բարձրացվել են համայնքային և սոցիալական տարբեր խնդիրներ՝ կրթության, զբաղվածության, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության, ինչպես նաև պետական և համայնքային ծառայությունների մատչելիության հետ կապված։
Ամասիայում առանձնահատուկ ընդգծվել են անձնագրային ծառայությունների հասանելիության խնդիրները, Աշոցքում` ճանապարհաշինության հետ կապված առանձին հարցեր:
«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում են բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների իրացման պատշաճ համակարգի ապահովումը կարևոր պայման է արդար և հարգալից հասարակություն կառուցելու համար», – նշել է Անահիտ Մանասյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ մարզեր իրականացվող աշխատանքային այցերը կրում են շարունակական բնույթ և նպատակ ունեն տեղում ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, արձանագրել առկա խնդիրները և խթանել դրանց արդյունավետ լուծման գործընթացը։ Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր չափերով կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել էին Գյումրու քաղաքապետարանի 8 աշխատակիցներ ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ Գյումրու քաղաքապետը կալանավորվել է երկու ամիս ժամկետով: Այս պահին ձերբակալվածների թվում 33 մարդ կա, այդ թվում ՝ քաղաքացիներ, ովքեր ժամանել էին դեպքի վայր ՝ աջակցելու և թույլ չտալու ձերբակալել Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետին: Հակակոռուպցիոն կոմիտեն նաև որոշում է կայացրել կասեցնել ձերբակալված բոլոր պաշտոնյաների լիազորությունները: Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հաղորդել է, որ գործը վերաբերում է քաղաքապետարանի ճարտարապետին, ով կատարել է որոշակի գործողություններ, որոնք որևէ առնչություն չունեն Վարդան Ղուկասյանի հետ, քանի որ դրանք իրականացվել են Սարիկ Մինասյանի պաշտոնավարման շրջանում: