


«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 1-ին ընդառաջ երկրի անվտանգության համակարգն ամրապնդելու վերաբերյալ:
Ինչպես ասվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, հայաստանյան քաղաքացիական հանրության արձագանքը էական դեր կատարեց նոյեմբերի 25-ին զինված խումբ բացահայտելու վերաբերյալ տեղեկատվությունը ընդդիմության հետ կապելու սադրիչ փորձը ձախողելու գործում: «Դրանով իսկ հանրությունը հաստատեց իր համոզմունքը, որ ընդդիմությունը քրեական վարչախմբի դեմ պայքարում է բացառապես խաղաղ միջոցներով: Ստեղծված իրավիճակում, երբ հանրությունը համոզված է, որ երկրում անկայունություն հրահրողները իշխանության, այլ ոչ թե ընդդիմության շարքերում են, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատրաստ է միավորելու իր ուժերը իրավապահպան մարմինների հետ՝ երկրում ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար հանրային վերահսկողության հաստատման նպատակով: Նշված նպատակն իրագործելու, ինչպես նաև երկրի անվտանգության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իրավապահպան մարմիններին առաջարկում է հանդիպել մինչ դեկտեմբերի 1-ը և քննարկել դեկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկող շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու գործնական հարցերը», - ասվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունում:


